Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ անդրադառնալով պատվաստման սերտիֆիկատի առկայության ստուգման նպատակով Armed համակարգում QR կոդերի սքանավորմանը:
«Սույն խորհրդատվությունը հիմնված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից Գործակալության հարցման շրջանակում ներկայացրած տեղեկությունների, քննարկումների, օրենսդրության ուսումնասիրության և Armed հավելվածում տվյալների հասանելիության հետ կատարված փոփոխությունների վրա։
Ըստ այդմ, օրենսդրությամբ (մասնավորապես, նախարարի համապատասխան հրամանով) նախատեսված չէ QR կոդերի սքանավորման պահանջ, ինչը նշանակում է, որ տնտեսվարողների կողմից քաղաքացիներին QR կոդերը սքանավորելու պահանջ ներկայացնելն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի առերևույթ խախտում է։
Այլ կերպ ասած՝ տնտեսվարողներն իրավունք չունեն առողջապահության նախարարի հրամանի հիմքով հաճախորդներին ներկայացնել Armed հավելվածում QR կոդը սքանավորելու պահանջ։
Ինչ վերաբերում է QR կոդերի սքանավորման արդյունքում Armed-ում որոշ անձնական տվյալների ապանձնավորմանը, ապա դա ինքնին չի նշանակում, որ որևէ տնտեսվարող իրավունք ունի սքանավորել QR կոդը. դա տվյալների անվտանգության ապահովման միջոցառում է, որն իրականացվել է ինչպես քննարկվող, այնպես էլ այլ հնարավոր դեպքերում տվյալների հասանելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար որոշակիորեն կանխելու նպատակով»,- ասված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Ֆեյսբուքի գրառման մեջ: