Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում կատարվող պատվաստումներին:
Նախարարի խոսքով՝ պատվաստումներն ակտիվ շարունակվում են, և մեր քաղաքացիներից առաջին դեղաչափը ստացել է 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք նաև պատվաստումների թվի աճ, ինչը, իհարկե, ուրախալի է, և նորից պետք է շեշտադրենք, որ, ի վերջո, պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են: Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանշանների, կամ դրանք թեթև են և հարբուխի նշաններ են, որը հենց մեր գլխավոր նպատակն է եղել՝ հնարավորինս նվազեցնել ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի աճը և մահացության դեպքերը»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով պատվաստվածների սեռատարիքային կազմին՝ Ավանեսյանը նշեց, որ պատվաստվածների գերակշիռ մասը կազմում են 35-60 տարեկան քաղաքացիները. պատվաստվել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների 18-19 տոկոսը, ինչը մտահոգիչ է:
«Մեր գլխավոր նպատակն է բարձրացնել հենց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումային ընդգրկվածությունը, որովհետև գիտենք, որ առաջնային ռիսկի խումբը նրանք են»,- ասաց նա:
12-17 տարեկանների շրջանում 1675 հոգի առաջին դեղաչափն է ստացել, 1000 հոգի՝ երկրորդը: Մարզերի ընդգրկվածության առումով բավական ակտիվ են Վայոց ձորը, Արարատի մարզը և մայրաքաղաք Երևանը:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, և մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:
«Ապահովված ենք Հայաստանում առկա բոլոր տեսակի պատվաստանյութերով. մենք նաև ունենք պլանավորված հաջորդ ամիսների համար պահանջարկը և իրականացնում ենք գնումներ, բայց բանակցությունների և գործընկերային կապերի միջոցով ստանում ենք նաև նվիրատվություններ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ «Ֆայզեր» պատվաստանյութի հետ կապված պայմանագիրը կնքված է, հայտնի են մատակարարման ժամկետները, և ըստ գրաֆիկի կիրականացվի այդ հավելյալ պատվաստանյութի ներմուծումը:
Խոսելով կորոնավիրուսի տարածման դեմ գործող սահմանափակումների մասին՝ նա ասաց, որ պահպանվում են այն սահմանափակումներն ու միջոցառումները, որոնք արդեն ընդունվել են:
Նա հիշեցրեց, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի և ժամանցի վայրերում պատվաստված լինելու կամ ՊՇՌ բացասական թեստի բացասական պատասխանի պահանջը: «Սա սահուն կերպով գործարկվում է, և մեր մոնիթորինգն էլ ցույց է տալիս, որ քաղաքացիների և նաև տնտեսվարողների մոտ կարծես թե պրոցեսը հանգիստ ընթանում է, որևէ խոչընդոտ չկան, և, հաշվի առնելով Հայաստանում պատվաստվածների մեծ թիվը՝ պետք է որ խնդիրներ չունենանք: Առաջիկայում որևէ լրացուցիչ սահմանափակումների ընդունված որոշումներ չունենք, դեռ պահպանում ենք սահմանված ռեժիմը»,- նշեց նախարարը: