Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի այլընտրանքային ճանապարհի ձյունը դեռ չի հալվել: Այդուհանդերձ, փակ ճանապարհներ չկան՝ վստահեցնում են «Ճանապարհային դեպարտամենտի» պատասխանատուները: Կատարվել են մաքրման աշխատանքներ, և ճանապարհն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար:
Բարձրավանի այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի: Այս գարնանը կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները:
Բարձրավանի բնակչի խոսքով՝ քաղաքներ տանող ճանապապարհը երկարել է, սակայն կրճատվել է դեպի վարելահողեր տանող ուղին: 300 հեկտար հողատարածքից կարողացել են մշակել ընդամեն 25-ը:
Օնիկ Ավագյան (Բարձրավան վարչական շրջանի ղեկավար) - Էս ճանապարհով նաև տեխնիկան հարմար ձևով կբարձրանա դաշտերը, և այդ դաշտերը կմշակեն: Ընդեղ ուղղակի մնում է խնդիրը տեխնիկան՝ որ լինի, խնդիրը կլուծվի, մեր ունեցած տեխնիկան մի կերպ յոլա են տանում, դա կնպաստի նաև անասնապահությանը:
Շուրջ 100 բնակիչ ունեցող Բարձրավանում արցախցի երկու նոր ընտանիք է հաստատվել՝ նշում է գյուղապետը:
Օնիկ Ավագյան - Ոչ մեկը գյուղը չի՞ լքել, հաստատ չի լքել, չի էլ լքելու ու նման մտադրություն չունեն: Ժողովրդի մեջ կարծիք կա, որ էս գյուղացիները ուտելիք չունեն, բայց ամեն դեպքում գյուղացիներ են` իրենց պադվալներում պահածոներ, լոբի, կարտոշկա ունեն կուտակած, ձմեռվա համար ուտելիքներ, էլի, էս տարածքում ապրողը միշտ էլ գիտի, որ զապասը պիտի կուտակի:
74-ամյա Ֆրունզիկ պապը Կապանից է եկել Բարձրավան, հաստատվել է այստեղ, զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Ֆրունզիկ Հարությունյան (Բարձրավանի բնակիչ) - Անասուն չեմ կարող պահել, բայց հավ պահում ենք, հող մշակում ենք, փեթակներ ենք պահում՝ 20 հատ, տենց բաներով եմ զբաղվում, գոհ ենք շատ:
Թամարա Հակոբյան (Բարձրավանի բնակիչ) - Ինչի՞ համար լքենք, մենք մեր տանն ենք, մեր հայրենիքում, մեր հող ու ջրում, եթե երկրի դրությունն էլ մի քիչ բարելավվի, մեր սահմանները ամրապնդվեն, լավ կլինենք, ինչու չէ:
Օրը սովորականից ավելի ակտիվ էր սահմանամերձ Բարձրավանում. բնակիչները շտապում էին ստանալ հերթական օգնությունը:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան