Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն ներշնչող քայլերով շարունակվում է. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը և առանձնացրել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների դեմ-դիմաց, առանց միջնորդի հանդիպումը Մոսկվայում: Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Հայաստանին ուղարկված հրավերին:
Մևլութ Չավուշօղլու, Թուրքիայի ԱԳ նախարար - Գիտեք, որ փետրվարից թուրքական և հայկական մեկական ընկերություն սկսելու են չվերթերը: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը: Մյուս կողմից ավելի վաղ էլ հայտարարել էինք, որ բոլորին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք: ԱԳ նախարարի անունը, գիտեք, Արարատ Միրզոյան է: Օրերս Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը:
*****
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Ալեքսեյ Զայցև, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ - Մենք շարունակում ենք սերտ աշխատանքը գործընկերների հետ՝ Սոչիում 2021թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարության իրականացման ուղղությամբ, որն, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում՝ դրա հետագա սահմանագծմամբ:
Զայցևը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը թույլ կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը և կնպաստեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
*****
Ադրբեջանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցող Ստեֆան Շենակը դիմել է Վենետիկի հանձնաժողով և խնդրել ուսումնասիրել Ադրբեջանում ԶԼՄ-ների մասին օրենքը։ «Մենք խնդրել ենք Վենետիկի հանձնաժողովին օրենքի քննություն անցկացնել և դիմել Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով չստորագրել այդ օրենքը»,- նշել է Շենակը։
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ էր հրապարակել` կոչ անելով Իլհամ Ալիևին լրատվամիջոցների մասին վերջերս ընդունված օրենքը վերադարձնել լրամշակման: Հանձնակատարը լուրջ մտահոգություն էր հայտնել, որ նոր օրենքը չի համապատասխանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության միջազգային չափանիշներին:
*****
Վլադիմիր Պուտինը կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը, երբ թույլ տան համաճարակաբանական իրավիճակն ու նախագահների զբաղվածությունը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև որոշակի դադար է ստեղծվել միջկառավարական հանձնաժողովի նիստերի և գագաթնաժողովի անցկացման գործում: Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է հյուրընկալել այդ միջոցառումները Թուրքիայում: