Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը:
ՎԱԾ-ը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի նույնականացման, բնակության վայրի, կրթության, մասնագիտության, հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս անհրաժեշտ վերականգնողական միջոցառումների տեսակների ու ժամկետների, դրանցում կատարվող փոփոխությունների և այլնի մասին։ Այն ընդգրկում է ինչպես բժշկական, այնպես էլ մասնագիտական (աշխատանքային) և սոցիալական վերականգնման ծրագրերով սահմանված համապատասխան միջոցառումներ։
Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) մշակվում և հաստատվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) արդյունքում՝ հետևյալ դեպքերում`
-
անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում.
-
ՎԱԾ չունեցող նախկինում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար՝ անհրաժեշտություն առաջանալու պարագայում.
-
անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց համար (ՎԱԾ-ի իրականացման ժամկետի ավարտից հետո, եթե դրանում առկա է վերականգնողական միջոցառումների փոփոխման և (կամ) լրացման անհրաժեշտություն).
-
ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա.
-
այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:
ՎԱԾ-ը կազմվում է ըստ հաշմանդամության սահմանման ժամկետի` մեկ կամ երկու տարի ժամկետով, հաշմանդամություն ունեցող երեխաների համար` երկու տարի ժամկետով կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը: Հաշմանդամությունն անժամկետ սահմանելու դեպքում ՎԱԾ-ը կազմվում է մինչև հինգ տարի ժամկետով:
Վերականգնողական անհատական ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը, կենսագործունեության սահմանափակման տեսակն ու աստիճանը, վերականգնողական ներուժի գնահատումը, միջավայրային գործոնները և այլն: