Հունվարի 25-27-ը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ անցկացնելու նպատակով Երևան էր ժամանել Հունաստանի խորհրդարանի՝ փորձագետներից կազմված պատվիրակությունը:
Պատվիրակության անդամներին Ազգային ժողովում հանդիպել են եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
Փորձագետները նաև հանդիպումներ են ունեցել ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության, փորձի փոխանակման հնարավորությունները, ներկայացրել Հունաստանի՝ շուրջ 200-ամյա խորհրդարանական փորձը: Քննարկման առանցքում են եղել աշխատակիցների վերապատրաստման խնդիրները, օրենսդրական ընթացակարգերի բարեփոխման մեխանիզմները, ԵՄ անդամ երկրներում խորհրդարան-կառավարություն փոխհարաբերությունները, խորհրդարանական լսումների անցկացման կարգը և մի շարք այլ հարցեր:
Փորձագիտական խումբն այցելել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ որպես հանրային ծառայողների վերապատրաստում իրականացնող կառույց, հանդիպել ռեկտոր Խաչատուր Ղազեյանի, Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանի, Լրացուցիչ, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Արտակ Բաղդասարյանի և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանի հետ, քննարկել համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները: