Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շամախյան փողոցի 26-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում ապօրինի զենք-ռազմամթերք և թմրանյութ է պահում:
Հունվարի 25-ին տնակի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածներ՝ ընդհանուր 97 գրամից ավելի և մոտ 300 գրամ կանեփի չորացված զանգվածներ։
Կից անասնաֆերմայի տանիքից ոստիկանները հայտնաբերել են նաև երկփողանի հրացան՝ պատյանում 2 դանակ, կաշվե փամփշտակալ՝ 9 փամփուշտով։
Ըստ 26-ամյա երիտասարդի՝ թմրանյութն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, իսկ որսորդական հրացանը հայրն էր ձեռք բերել տարիներ առաջ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: