Տասը տարի առաջ առաջին անգամ արտադրանքն արտահանելով Ռուսատանի Դաշնություն՝ գինեգործական այս ընկերությունում արդեն հասկացել էին՝ զարգացման համար միայն հայկական շուկան փոքր է: Պետք է փորձել ամրապնդվել նաև միջազգային ասպարեզում: Տասը տարի անց ընկերությունն արտահանում է ավելի քան 40 տեսականի գինի մոտ 30 երկիր:
Քրիստինե Վարդանյան. Գինեգործական ընկերության կոմերցիոն տնօրեն - Հիմնական արտահանման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Նաև այս տարի, որին հաջորդում են Բալթյան երկրները, Ուկրաինան, Չինաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական շատ երկրներ:
2021 թվականը բարդ տարի էր Հայաստանի ամբողջ տնտեսության, այդ թվում՝ նաև գինեգործության համար: Թեպետ դժվարություններին, գինու արտադրանքի և արտահանման ծավալները շարունակել են աճել: 2021 թվականի պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, սակայն առանձին ձեռնարկությունների տվյալների վերլուծությունը հուշում է, որ աճը կարող է գերազանցել 20 տոկոսը:
Քրիստինե Վարդանյան - Տարեվերջին արդեն գրանցեցինք մոտ 20 տոկոս աճ՝ ունենալով բավականին ձեռքբերումային համագործակցություն ռուսական ամենամեծ ցանցերից մեկի հետ:
Զգալի աճի մասին են հուշում ոչ միայն առանձին օրինակները, այլև պետական վիճակագրության ոչ ամբողջական թվերը: 2021 թվականի հունվարից նոյեմբեր Հայաստանում արտադրվել է 21 տոկոսով ավելի շատ գինի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Խաղողի գինու արտահանումմ ավելացել է 20 տոկոսով: Իսկ եթե ցուցանիշը դիտարկվի ըստ մաքսային արժեքի, ապա Հայաստանից նախորդ տարվա 11 ամսում 37 տոկոսով ավելի շատ գինի է արտահանվել:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը փաստում է՝ այս թվերն ամբողջությամբ համապատասխանում են վերջին տարիների միտումին:
Զարուհի Մուրադյան, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ - Վերջին 10 տարիների ընթացքում ոլորտը բում է ապրում:
Հայկական գինիների սպառման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում Ուկրաինան է: Եզրափակում է եռյակը Միացյալ Նահանգները: Տասնյակում կա եվրոպական 6 երկիր: Հատկանշական է, որ սկսել է փոխվել միջազգային շուկա մատակարարվող հայկական գինու գնային սեգմենտը:
Հայաստանի՝ որպես որակյալ գինի արտադրող երկրի համբավն ամրապնդելու և հայկական գինին Եվրոպայում ավելի հասանելի դարձնելու համար Գերմանիայում ստեղծվել է լոգիստիկ պահեստ և առցանց վաճառքի հարթակ: Հայկական գինին մոտ ապագայում կամրապնդի իր մասնաբաժինը նաև Հայաստանի արտահանման ընդհանուր մասնաբաժնում: 2020-ին գինին հայկական էքսպորտի 0,35 տոկոսն է կազմել: