Արցախից տեղահանված, տունը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվարին էլ կստանան դրամական աջակցություն՝ Կառավարությունը երկարաձգեց ժամկետը: Ոլորտի նախարարը զեկուցեց՝ ծրագիրը սեպտեմբերից էր սկսվել, ու դրա շարունակական լինելը որոշ չափով կլուծի դեռ բնակարանի, աշխատանքի կարիք ունեցող արցախցիների խնդիրները:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար) - Դրամական աջակցության հետևյալ չափերով. անչափահասներին՝ 40 հազար ամսական, 20-հազարական դրամ բոլոր մնացածին:
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Գործադիրի օրակարգում ընդգրկված զեկուցվող հարցերի մեծ մասն այսօր գյուղոլորտի ու մշակվող արդյունաբերության խթանմանն էր ուղղված: Առաջինով պետությունը կսուբսիդավորի լիզինգով կամ վարկով գնված մինչև 10 միլիարդ դրամ նոր սարքավորումների համար: Էկոնոմիկայի նախարարը վստահ է՝ այս կերպ տնտեսվարողը կարող է արդիականացնել հոսքագծերը՝ ընդլայնելով արտադրության ծավալները:
Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ՝ կակտիվանա նաև ներդրումային դաշտը, իսկ ծրագրի առավել նպաստավոր պայմաններից կօգտվի իր կապիտալը համալրած բիզնեսը:
ԳՈՐԾԱԴԻՐԸ ՓՈՓՈԽԵՑ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մի մեծ փաթեթով էլ գործադիրը փոփոխեց գյուղոլորտին տրամադրվող օժանդակության չափն ու ձևը: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի համար 20 տոկոս կանխավճար սահմանվեց, պետության սուբսիդավորման արդյունքում բիզնեսին լիզինգը հասանելի կլինի դրամի դեպքում՝ 2, արտարժույթով՝ 3 տոկոսով: Լիզինգով գյուղտեխնիկան գնել ցանկացողներն էլ կարող են արդեն գործող 200 միլիոն դրամի փոխարեն մինչև 250 միլիոնի գործարք կատարել: Պայմաններն ի նպաստ բիզնեսի փոխվել են նաև տոհմային խոշոր եղջերավորներ բուծելու ու խելացի անասնագոմեր կառուցելու դեպքում: Փոփոխություն է կատարվել նաև ամենապահանջված՝ ինտենսիվ այգիների, կարկտապաշտպան ցանցերի, ոռոգման համակարգերի համար տրամադրվող վարկային ծրագրերում՝ նշեց նախարարը:
Միջոցառումների կարևորությունը նիստը վարող փոխվարչապետն ընդգծեց: Մհեր Գրիգորյանը նկատեց՝ ճիշտ իրազեկում պետք է կատարվի, որ պոտենցիալ շահառուներն օգտվեն պետության տված արտոնությունից:
Գործադիրն ընդունեց նաև Հողային օրենսգրքում փոփոխության փաթեթը: Ըստ Քերոբյանի՝ նախագծով հանվելու է հողակտորն ընդլայնելու արգելքը, ու այդպիսով հնարարավորություն է տրվելու, օրինակ՝ կառուցապատողներին ունեցած հողամասն արդյունավետ օգտագործելու, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀՀ-ԻՆ
Մեկ այլ նախագծով էլ Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 1 մլն 719 հազար դոլար դրամաշնորհ կտրամադրի, գումարը կուղղվի հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացմանը՝ զեկուցեց Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի՝ մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որը կբերի էներգիայի 50 տոկոսի խնայողության:
«ՕՄԻԿՐՈՆՈՎ» ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Նիստի վերջում էլ՝ կորոնավիրուսի մասին: «Օմիկրոնով» վարակման դեպքերի թիվն ավելանում է՝ ահազանգում է Անահիտ Ավանեսյանը: Թեև առայժմ հիվանդացածների 5-6 տոկոսն է միայն հոսպիտալացվում, նախարարի խոսքով՝ զգոնությունը պահպանելու են՝ ձեռքի տակ ունենալով մահճակալային ֆոնդի ծավալման պլանը: Ոլորտի ղեկավարը նորից կոչ արեց ակտիվ պատվաստվել, քանի որ դրա շնորհիվ է հնարավոր խուսափել հիվանդության ծանր ընթացքից:
Նախարարի խոսքով՝ պատվաստումների ցածր ցուցանիշ կա 65-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում՝ ընդամենը 18-19 տոկոս, ինչը մտահոգիչ է: Ներկայացնելով ցուցանիշները՝ Ավանեսյանը պատվաստումների առումով ամենաակտիվ մարզերը առանձնացրեց՝ Վայոց ձորը, Արարատը ու Երևանը: Նախարարի գնահատմամբ՝ խոչընդոտներ չեն առաջացել նաև հունվարի 22-ից հանրային վայրեր մուտք գործելու սահմանափակումների պարագայում, կիրառվում են կանաչ անձնագրի կամ թեստի բացասական պատասխանի պահանջը: