Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության մասին վերջնական որոշում չկա՝ հայտնեց է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Հստակ չեն նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների շրջանակում երկու երկրի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վայրն և ժամկետը:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Երբ հստակություն լինի, այդ թվում՝ հաջորդ հանդիպման տեղի, վայրի և այլ մանրամասների վերաբերյալ, վստահաբար, մեր հանրությունն այդ մասին կտեղեկանա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ այն տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերջնանպատակն է, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է:
Էդուարդ Աղաջանյան - Մենք այս պահի դրությամբ, նույնիսկ դեմարկացիայի և դելիմիտացիայի և այդ գործընթացի վերաբերյալ դժվարանում ենք կոնկրետ քայլեր իրականացնել:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆԸ
Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման բուն գործընթացին, Աղաջանյանի խոսքով՝ այն սկսելու համար անհրաժեշտ է ապահովել նվազագույն պայմաններ, որոնք արտացոլված են Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին փոխանցված Հայաստանի առաջարկներում: Ավելի վաղ հայտարարվել էր՝ դրանք վերաբերում են սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը:
Էդուարդ Աղաջանյան - Առանց դրա ռիսկերը շատ բարձր են, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ:
Բացի արտաքին օրակարգից, Աղաջանյանը նաև ներքաղաքական այս պահի գլխավոր հարցին է պատասխանել՝ պնդելով, որ հանրապետության նախագահի պաշտոնում այս պահին քննարկում են տարբեր թեկնածուների անուններ, և հստակ որոշում «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չունի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան