Անբարեխիղճ տնտեսավարողներն այլևս չեն կարող տեղեկություն չտրամադրել Մրցակցության հանձնաժողովին՝ նախընտրելով տուգանվել հինգ միլիոն դրամ: Այսուհետև այդ խախտումը կտուգանվի քննվող գործի իրավախախտման՝ կոնկրետ ապրանքի հասույթի մինչև հինգ տոկոսի չափով, ինչը, սովորաբար, մի քանի անգամ կարող է գերազանցել հինգ միլիոն դրամը:
Տիգրան Մարկոսյան, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ - Տեղեկատվություն ենք ուզում, միտումնավոր չի տալիս, որ խախտումը չբացահայտվի: Հաշվարկում է՝ հինգ միլիոն դրամը շատ ավելի շահեկան է, քան այն հինգ տոկոսը, մինչև որը կլիներ:
Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեղեկություն չտարամադրելու վարույթները զգալիորեն կրճատվել են՝ ասում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը:
Տիգրան Մարկոսյան - 2020 թվականին հարուցվել է 111 տեղեկատվություն չտրամադրելու իրավախախտումների վարույթներ: 2021 թվականին դրանց թիվը եղել է 26՝ շուրջ չորս անգամ նվազել է: Ընդ որում՝ 26-ից 6-ը հարուցվել է օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:
Որոշ տնտեսվարողներ, գործակցելով հանձնաժողովի հետ, նախընտրել են տեղեկության տրամադրումն ու արագացված վարույթը, ու արդեն կարողացել են խուսափել առավել մեծ տուգանքներից: Նրանք պարտավորվել են երկշաբաթյա ժամկետում վերացնել ապրանքային շուկայում կատարած խախտումը:
Տիգրան Մարկոսյան - Այս դեպքի համար օրենքով սահմանված է իմպերատիվ կանոն, որ իր նկատմամբ կիրառելի պատասխանատվության միջոցից կեսից ավել չես կարող նշանակել: Օրինակ, եթե կհաշվարկեիր 5 միլիոն տուգանք, այդ դեպքում պիտի նույն հանգամանքներով կիրառես 2.5 միլիոն:
2021-ի հունիսից, նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հարուցված անբարեխիղճ մրցակցության 64 վարույթից 19 տնտեսվարողի դեպքում կիրառվել է արագացված վարույթ: Արդյունքում՝ շատ արագ վերականգնվում է հանրային շահը: