Վաղ պարարտացումն անհրաժեշտ է բերքի որակն ու վաղահասությունն ապահովելու համար՝ ասում է փշատավանցի այգետերը: Իրանական 34 տոկոսանոց ազոտական պարարտանյութի մեկ պարկն արժի 15 հազար, 46 տոկոսանոցը՝ 20-22 հազար դրամ, 1500 քառակուսի մետր այգում այս շրջանում սովորաբար 10 պարկ պարարտանյութ է օգտագործել: Առաջին պարարտացման շրջանը բաց չթողնելու համար փորձում է այգին գոնե գոմաղբով պարարտացնել:
Արծրուն Նալբանդյան ( այգեգործ) - Ամեն ծառ չի ընդունում գոմաղբ, սրանց որ տանք՝ կչորանան: Գիլասին չի կարելի տալ: Ծիրանին կարելի ա, բայց գոմաղբի խնդիր էլ կա արդեն, էդ էլ ա թանկացել:
Միայն Հայաստանում չէ, որ պարարտանյութի գինը կտրուկ բարձրացել է: Պատճառն էլ մեկը չէ: Միջազգային շուկայում գազի գնի բարձրացումը, ազոտական պարարտանյութ արտադրող եվրոպական որոշ գործարանների փակումը ավելացրել են ազոտական պարարտանյութի պահանջարկը: Հայաստան պարարտանյութ էր ներկրվում Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, այս երկրներում պարարտանյութի բորսայական գինը ևս բարձրացել է:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար) - Անցած տարիներին միջազգային շուկայում մեկ տոննա ազոտական պարարտանյութի գինը տատանվում էր 300-350 դոլար, այսօր պարարտանյութը միջազգային շուկայում վաճառվում է 680-770 դոլարով:
Տարածաշրջանում պարարտանյութ արտադրող երկրները ևս բարձրացրել են արտադրանքի գինը: Եթե անցած տարիներին ֆերմերներից ստացված տարեկան պահանջարկով ու կանխավճարով, պետությունը կազմակերպում էր պարարտանյութի մեծածավալ ներկրում, որի մեկ պարկը տատանվում էր 7500-8000 դրամի սահմանում, ապա այժմ նույնիսկ այդ մեխանիզմը չի կարող ազդել գնի վրա: Խնդիրը մտահոգել է նաև էկոնոմիկայի նախարարությանը:
Արման Խոջոյան - Այս պահին իրականացվում են աշխատանքներ մեր հարևան երկրների արտադրողների և գերատեսչությունների հետ, ինչպես նաև փորձում ենք լուծումներ գտնենք և տեղական արտադրողների կարողություններն ուսումնասիրել:
Հայաստանում տարեկան օգտագործում են 4550 հազար տոննա ազոտական պարարտանյութ: