Ամերիկյան The New Republic ամսագիրը նոր մանրամասներ է բացահայտել Միացյալ Նահանգներում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների, իրենց շահերն առաջ մղելու նպատակով քաղաքական գործիչներին կաշառելու վերաբերյալ։
Տեխասի կոնգրեսական Հենրի Քուեյարը, որի շուրջ վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, միակ պատգամավորը չէ, որ ապօրինի կերպով կապված է ադրբեջանական ռեժիմի հետ:
Նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն էր կատարել դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուեյարի տանը և Տեխասի նրա նախընտրական շտաբում՝ Ադրբեջանին և ամերիկացի մի քանի գործարարների վերաբերող լայնածավալ դաշնային հետաքննության շրջանակներում: Հետաքննության վերաբերյալ մանրամասներ չեն հայտնվում, բայց ակնհայտ է, որ կոնգրեսականը գտնվել է Ադրբեջանի իշխանությունների ազդեցության տակ:
Ըստ ABC News-ի՝ Քուեյարի դեմ ուղղված գործի դատական ծանուցագիրը վերաբերում է մի շարք տեխասյան ընկերությունների, որոնք ուղղակիորեն կապված են նրա կնոջ՝ Իմելդա Քուեյարի հետ: Բացի դրանից՝ քննիչները փաստաթղթեր են խնդրել «մշակութային իրավապաշտպան կազմակերպությունների» մասին, որոնցից շատերն ուղղակիորեն կապված են Ադրբեջանի վարչակազմի, Ադրբեջանի ազգային նավթային ընկերության և ոմն Քեմալ Օքսուզի հետ:
Հայտնի է, որ Քուեյարը կնոջ հետ 2013 թ. այցելել է Ադրբեջան նմանատիպ կեղծ ոչ առևտրային կազմակերպություններից մեկի ֆինանսավորմամբ, որը հետագայում սնանկացել է: Այս այցից կարճ ժամանակ անց Քուեյարի միջնորդությամբ համաձայնագիր էր ստորագրվել Տեխասի A&M միջազգային համալսարանի և ադրբեջանական մեկ այլ կեղծ՝ շահույթ չհետապնդող կազմակերպության միջև, որը ներկայացել է որպես կրթական և մշակութային կազմակերպություն: Միևնույն ժամանակ, ինչպես պարզել է The Daily Beast-ը, Օքսուզը հազարավոր դոլարներ է նվիրաբերել Քուեյարի նախընտրական արշավի համար, իսկ Օքսուզի որդին հետագայում աշխատանքի է անցել Քուեյարի մոտ:
Ստացած գումարների դիմաց Քուեյարը տարիներ շարունակ ԱՄՆ-ում հանդես է եկել Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ: Քուեյարը ադրբեջանական ռեժիմին պարբերաբար պաշտպանել է քննադատությունից՝ նույնիսկ հայտարարելով, որ Ադրբեջանը «ԱՄՆ ուժեղ դաշնակիցն է»։ Նա 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ևս պաշտպանել է Ադրբեջանի դիրքերը: Քուեյարը մշտապես պայքարել է ադրբեջանական նավթային շահերի համար՝ դրանով իսկ օգնելով ռեժիմին ավելի շատ գումար վաստակել: