Մոտ մեկուկես ամիս տևած քննարկումներից հետո՝ հունվարի 26-ի երեկոյան, պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Եվրոպայում անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին։ Համապատասխան փաստաթուղթը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Ռուսաստանին հանձնված փաստաթուղթը պարունակում է Մոսկվայի արտահայտած մտահոգությունների «սկզբունքային և պրագմատիկ» գնահատականը և այն լիովին համաձայնեցված է Ուկրաինայի ու Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների հետ:
Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար) - Ռուսական առաջարկներին մեր արձագանքը հստակ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավատարիմ է իր սկզբունքներին։ Ոչ մի փոփոխություն չկա և չի լինի:
Ես մտադիր եմ խոսել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա օրերին, երբ Մոսկվան ծանոթանա պատասխանին:
Բլինքենը շեշտել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հրապարակել փաստաթուղթը և հույս ունի, որ Ռուսաստանը նույնպես կապահովի դրա գաղտնիությունը։
Ավելի ուշ Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին փոխանցվել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ փաստաթուղթն արժանացել է բոլոր 30 դաշնակիցների հավանությանը և ընդգծել՝ դաշինքը չի պատրաստվում հրաժարվել բաց դռների քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մերժել է դաշինքի չընդլայնվելու և արևելաեվրոպական երկրներից զորքերը դուրս բերելու Ռուսաստանի պահանջը:
Ենս Ստոլտենբերգ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) - Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումները էականորեն տարբերվում են, ունենք լուրջ տարաձայնություններ, բայց միևնույն ժամանակ կարևոր է լսել առկա մտահոգությունները և փորձել գտնել քաղաքական լուծում:
Կնշեմ երեք հիմնական ուղղություն, որոնց շուրջ կարող ենք առաջընթաց գրանցել: Առաջարկում ենք վերականգնել կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները: Բացի այդ, հարկավոր է լավագույնս օգտագործել ռազմական շփումների ներուժը՝ միջադեպերից խուսափելու համար, ինչպես նաև վերսկսել սպառազինությունների, հրթիռների, միջուկային զենքի և տիեզերքի հարցերով երկխոսությունը:
Ստոլտենբերգի խոսքով՝ գրավոր պատասխանում ներառված են նաև մանրամասն առաջարկներ ռիսկերի նվազեցման, Ռուսաստանի ու դաշինքի անդամ երկրների անվտանգության ապահովման վերաբերյալ։
Պաշտոնական Մոսկվան ուսումնասիրում է ստացված պատասխանները: Բարձր մակարդակի արձագանքներ դեռևս չկան: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անդրադառնալով Մոսկվայի կողմից արձագանքի հնարավոր ժամկետներին հիշեցրել է՝ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն քննարկել են Ռուսաստանի առաջարկները մեկուկես ամիս:
Գործընթացի նկատմամբ մեծ է նաև միջազգային ուշադրությունը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Միացյալ Նահանգների պատասխանը Ռուսաստանին։ Նա նաև հորդորել է ռուսական կողմին դիվանագիտական ջանքեր գործադրել Ուկրաինայի հետ տարաձայնությունները հարթելու համար։
Թեմային անդրադարձել է նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում նա ընդգծել է, որ բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրման։ «Ռուսաստանի օրինաչափ մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել և հասցեագրել դրանք»,- նշել է Վան Ին:
Թուրքական կողմն էլ հերթական անգամ հիշեցրել է իր միջնորդական փորձերի մասին: Նախագահ Էրդողանը հայտարարել է՝ Անկարան պատրաստ է կողմերի համաձայնության դեպքում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն, «որպեսզի նրանք կարողանան շարունակել խաղաղության մթնոլորտը վերականգնելու ջանքերը»: Բացի այդ, նա առաջարկել է նաև Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ կոնտակտային խմբի հանդիպումներն անցկացնել Ստամբուլում։
Դիվանագիտական զարգացումների ֆոնին թե՛ Ռուսաստանը, թե՛ ՆԱՏՕ-ն շարունակում են զորքերի տեղաշարժը, ինչն էլ ավելի է մեծացնում լարվածությունը: