2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։
Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:
Իր հերթին՝ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ