Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող և Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին և իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով:
Զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ:
Կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը և բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարևորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը և համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը:
Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման և կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի: