Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների հանդիպումն սկսվում է նախարարությունում: Քննարկման համար ընտրվել էին առավել կարևոր ոլորտները: Կարեն Անդրեասյանը վրաց գործընկերոջը ներկայացնում է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ծանոթանում վրացական փորձին, ներկայացնում նաև տեղականը: Հայկական կողմին առավել հետաքրքրող էր Վրաստանում գործող «Արդարադատության տների» փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը:
Կարեն Անդրեասյան, ՀՀ արդարադատության նախարար - Քանի որ Վրաստանն ունի փայլուն, երկարատև փորձ հենց միասնական գրասենյակների ոլորտում, և այն «Արդարադատության տները», որ դուք կառուցել եք դեռևս ձեր հեղափոխությունից հետո, մեզ համար շատ կարևոր է հիմա, երբ մենք նոր ենք սկսում այդ «Արդարադատության տների» աշխատանքը, ձևավորումը, զարգացումը, մեզ համար շատ կարևոր է օգտվել վրացական փորձից: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, որ ձեզ հետ բերել եք մոբայլ արդարադատության տան մեծ մեքենան, որը կցուցադրվի, և մենք կտեսնենք, թե ինչպես է Վրաստանը հաջողացնում ոչ միայն մեծ քաղաքաներում այդ ծառայություններն ապահովել, այլ նաև հեռավոր գյուղերում:
Ռատի Բրեգաձե, Վրաստանի արդարադատության նախարար - Մենք պայմանավորվեցինք նաև ակտիվ գործակցել կալանավորների և դատապարտյալների փոխանակման հարցում, և մեր քրեակատարողական համակարգում կունենանք հայկական և վրացական անկյուն՝ այնտեղ գտնվող անձնանց շահերը և իրավունքները պաշտպանելու համար:
Դրվում է սերտ գործակցության սկիզբ, ինչի հավաստումն էլ ստորագրված հուշագիրն է՝ նշում է Կարեն Անդրեասյանը: Պաշտոնական առաջին հատվածի ավարտից հետո նախարարները մեկնում են ցուցադրության վայր:
Ահա և Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման մեքենան կամ «Արդարադատության տունը՝ անիվների վրա»: «Արդարադատության տունը» Հայկական միասնական գրասենյակի ավելի ընդլայնված տարբերակն է, իսկ բնակիչներին ավելի հասանելի լինելու համար վրացիները զինել են մեքենան, որը գնում է հեռու գյուղեր ու քաղաքներ, սպասարկում տեղի բնակիչներին:
Կարեն Անդրեասյան - Քաղաքացիներն այս ծառայությունից օգտվում են, կարողանում են րոպեների ընթացքում ստանալ անձնագրեր, կադաստրի, ռեգիստրի ցանկացած թուղթ, բոլոր պետական ծառայությունները կարողանում ես ստանալ քո քաղաքում, գյուղում, փողոցում: Նմանատիպ գաղափարներ ենք հիմա մշակում, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան օգտվել ծառայություններից այսպիսի օպերատիվ կերպով ու որակով:
Ռատի Բրեգաձե - Մենք բոլորովին նոր ոլորտներ ենք ուզում ընդգրկել մեր գործակցության շրջանակում, և դրանով նոր փուլ կսկսվի երկու երկրների համար: Համոզված եմ, որ միասնական ջանքերով շատ հաջողությունների կհասնենք:
Վերջին շրջանում մեր երկրում զարգանում է պրոբացիոն ծառայությունը, ինչի հաշվին կալանավորների թիվն էականորեն նվազել է՝ 5000-ից հասնելով 2000-ի՝ ընդգծում է Կարեն Անդրեասյանը: Վրաստանը կուտակած փորձ ունի նաև այս ոլորտում: Դա Պրոբբոքսն է՝ պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքը:
Պրոբբոքսին խաբել հնարավոր չէ, այն ունի մատնահետքի ֆիքսման, դեմքի ճանաչման տեխնոլոգիաներ, անձնական տվյալների համեմատման հնարավորություններ: Սարքը պրոբացիայի ծառայության շահառուներին մատուցում է իրենց անհրաժեշտ ծառայությունների մոտ 90 տոկոսը: Դրա միջոցով հնարավորություն ունեն տեղեկություն ստանալ իրենց դատավածության մասին, աշխատանքի տեղավորման հնարավորությունները հասկանալ և անգամ ճամփորդելու թույլտվություն ստանալ: Եվ քանի որ Հայաստանում պրոբացիոն ծառայությունն առաջընթաց է գրանցում, նման ինովացիոն մոտեցում մեր համակարգում ներդնելու հեռանկարը ևս հայկական կողմին հետաքրքրում է: