Եվս մի քանի օր, և փետրվարի 1-ից Հայաստանում կմեկնարկի 2022 թվականի գյուղատնտեսական ապահովագրական տարին: Որոշ մշակաբույսերի դեպքում գարնան ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագրերի կնքման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:
Արևշատ Մելիքսեթյան («Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն) - Առաջին ամսաթիվը, որ պետք է հիշենք, փետրվարի 20-ն է՝ 2022 թվականի. առաջին ռիսկը գարնանային ցրտահարության: Պետք է ապահովագրել ծիրանը, դեղձը, խաղողը մինչև այդ ամսաթիվը, որպեսզի մարտի 1-ից սկսած՝ ցանկացած ցրտահարություն ներառվի այդ ապահովագրական ծածկույթի մեջ:
Նրանք, ովքեր գարնանային ցրտահարության համար պայմանագրեր կկնքեն փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, դրանք ուժի մեջ կմտնեն կնքման ամսաթվին հաջորդող 10-րդ օրվանից: «Սիլ ինշուրանս», «Ռոսգոսստրախ», «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններն այս տարի ևս կկնքեն պայմանագրեր: «Ինգո Արմենիայում» վստահ են՝ եթե ֆերմերների հետ ակտիվ աշխատեն՝ համակարգը կկայանա: Հատկապես հաշվի են առնում ֆերմերներից եկող առաջարկները: Անցած տարի 212 համայնքում կնքել են մոտ 4300 պայմանագիր, 515 ֆերմերի փոխհատուցել են 265 միլիոն 473 հազար դրամ:
Արևշատ Մելիքսեթյան - Ամենամեծ հատուցումը ունեցել ենք Գեղարքունիքի մարզում, կարտոֆիլով. մեկ ֆերմերի համար 57 միլիոն դրամ, որը ամբողջ իր ներդրում արած ծախսը ծածկել է: Ես ուղղակի պետք է հորդորեմ մեր ֆերմերներին՝ քանի կա այս սուբսիդավորումը պետության կողմից՝ 50-60 տոկոս, ավելի շատ օգտվեն, փորձեն: Ով չի օգտվել, հաջորդ երկու տարին այս տարի անպայման փորձի:
Այս տարի էկոնոմիկայի նախարարությունը 11 ապահովագրվող մշակաբույսերի ցանկը ավելացրեց ևս երկուսով: Կարկուտի ռիսկից կապահովագրեն նաև բալն ու կեռասը: Չի բացառվում, որ տարվա ընթացքում ևս երկու ռիսկ ավելանան:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մեր միջազգային գործընկերների հետ այս պահին դիտարկվում է սակավաջրությունը և երաշտի ռիսկը, որը, կարծում եմ, 2022 թվականին կկարողանանք ամբողջացնել և ներառել մեր 2022 թվականի ծրագրի մեջ: