ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տների» փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։ Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:
Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:
Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման Մոբիլ սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։