Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արդարադատության նախարարությանն առաջարկել է վերանայել վարչական պատասխանատվության չափերը՝ տեղեկություն ստանալու իրավունքը խախտող պաշտոնյաների նկատմամբ: Նախագիծն արդեն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում է:
Շուշան Դոյդոյան («Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ) - Տեղեկատվության ազատության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը թեև լուծվում են, բայց, օրինակ, լիարժեք պատասխաններ ներկայացնելու պահանջների, հարցումների պատասխանները ուշացնելու բավականին մեծ ծավալով խախտումներ ենք արդեն արձանագրել:
Դոյդոյանի խոսքով՝ պրակտիկան բարելավող մեխանիզմ չկար: Դրա համար էլ եկել են եզրակացության, որ մինչև պաշտոնյան անձնապես վնաս չկրի իրավախախտում թույլ տալու համար, հետագա խախտումները չեն կանխվի:
Շուշան Դոյդոյան - Դրա համար նաև որոշեցինք, որ համարժեքորեն, այսինքն՝ միջին աշխատավարձի չափին համարժեք, պետք է բարձրացնել 189.7 հոդվածով սահմանված պատասխանատվության չափերը:
Գործող իրավակարգավորմամբ՝ տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված է տույժ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հիսունապատիկի չափով: Նախագծով առաջարկվել էր տուգանքի չափերը բարձրացնել եռեսունապատիկից յոթանասունապատիկի:
Մարգարիտա Զալիբեկյան (ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ) - Նույն խախտումը երկրորդ անգամ կրկնվելու դեպքում առաջարկվել է ոչ թե նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի, այլ 100-150-ապատիկի չափով տույժի կիրառում:
Փոփոխությունների կատարումը բխում է նաև Կառավարության 2019-ի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից, որտեղ, ի թիվս այլ նպատակների, սահմանված է նաև վարչական տույժերի չափերի վերանայումը:
Անի Միքայելյան (ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ) - Գործող կարգավորմամբ սահմանված տույժի չափը աշխատավարձի շատ քիչ՝ 5-28 տոկոսն է կազմում, հետևաբար՝ չի կարող զսպող մեխանիզմ լինել:
Ոլորտի խնդիրները շատ են, բայց դրանց հետ կապված դատական գործերը՝ քիչ, դատարանների ծանրաբեռնվածության, գործերի երկար քննության, ծախսերի և այլ պատճառներով: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարբեր տարիներին տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցման 70-ից ավելի հայց է ներկայացրել Վարչական դատարան, դրանց 75 տոկոսն է բավարարվել: Բայց փաստացի այդ որոշումները եղել են անարդյունավետ:
Շուշան Դոյդոյան (Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ) - Նվազագույնը 2-2.5 տարի են տևում այս հայցերով բավարարումները, որովհետև երբ մենք 2-2.5 տարի անց արդեն ստանում ենք տեղեկությունները, դրանք արդեն որևէ մեկին պետք չեն, որովհետև տեղեկատվությունն արագ փչացող ապրանք է:
2021-ին կենտրոնի հարցումների միայն 72 տոկոսն է ժամանակին լիարժեք բավարարվել, 16 տոկոսի դեպքում թերի պատասխաններ են ստացել, ընդհանրապես չեն ստացել 2 տոկոսի դեպքում: 5 տոկոս՝ անհիմն պատասխաններ, և 2 տոկոս՝ անհիմն մերժումներ են ստացել: Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն ամսական միջին աշխատավարձի 17.2-ից 40%-ը: