Ավանդական հեռուստատեսությունը՝ որպես տեղեկություն ստանալու առաջնային աղբյուր, 2021-ի հարցումների համաձայն զիջել է դիրքերն առցանց մեդիային: Սոցիալական մեդիա հարթակներներից օգտվում է հարցված 1213 քաղաքացիների 75 տոկոսը, որը համացանցից օգտվողների ճնշող մեծամասնությունն է:
Ֆեյսբուքն ու Յութուբը Հայաստանում ամենատարածված սոցիալական ցանցերն են: Օգտահաշիվ ունեցող հայաստանցիների 90 տոկոսն օգտվում է այս հարթակներից:
Թե ի՞նչ մեդիա պրոդուկտ է սպառում հայ հասարակությունը, ուսումնասիրությունը կատարել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համատեղ, արձանագրել՝ հարցվածների չնչին մասն է փորձում պարզել, օրինակ, «Շտապ դիտեք, քանի չեն ջնջել» կամ նմանատիպ վերնագրերով տեղեկությունների հավաստիությունը:
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը թեև հետաքրքրված է երկրում իրականացվող բարեփոխումներով և կարևորում է դրանց հանրայնացումը, բավականաչափ տեղեկացված չէ: Տեղեկացված են հիմնականում համայնքների միավորման մասին, պակաս՝ կենսաթոշակային համակարգի ռեֆորմներից:
Վստահելի, արժանահավատ տեղեկություն ստանալու համար 2021-ին ավելի շատ մեդիա սպառողներ են պատրաստ եղել վճարել, քան նախորդ տարիներին, բայց ոչ ավելի, քան 4000 դրամ: