Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրող, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, այլախոհ Մերուժան Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի էր Մերուժան գրական անունով:
Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Վաղարշապատում։ 1957 թվականին եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում։
Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ 1963 թվականին կայացած ընդլայնված հավաքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, որոնք ընտրել են ՀԵՄ յոթ հոգանոց խորհուրդը։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր և տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել, կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել։
Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով կարողացել է մի շարք ստեղծագործություններ ուղարկել արտերկիր։ 1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով ավելի է խստացվել նրա ռեժիմը, և մորդովական խիստ ռեժիմի քաղկալանավորների համար նախատեսված կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Պահպանել է կապերը այլախոհական շրջանակների հետ։ 1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։
Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը։ 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել:
Բանաստեղծական ժողովածուների, գրքերի ու հուշագրությունների հեղինակ է։
2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։ Հեղինակն է «Լուսամփոփ», «Ընթացք», «Վերջալույսի խոհեր», «Խոսքեր հրաժեշտից առաջ», «Մորմոքի պսակներ», «Ընտրանի», «Մեներգ», «Վլադիմիրի բանտում» գրքերի։
Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն։
Մերուժան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 27-ին, ժամը 17․30-20․00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։