ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱԿ ԱԽ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ համաշխարհային համավարակի պայմաններում հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված և իրականացված գործողություն էր հայ էթնիկ բնակչության մասնակի կամ ամբողջական ոչնչացման միտումով։
Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եզակի դերը Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքներին արձագանքելու և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու գործում: Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել բնակչությանն անհրաժեշտ աջակցություն և ծառայություններ տրամադրելու գործում, որն իրականացվում է ականազերծման և բնակավայրերն ու գյուղատնտեսական տարածքները հազարավոր չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրելուն զուգահեռ։ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հնարավորություն և կարողություն ունենան բացահայտելու և վեր հանելու միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները և ապահովելու, որ հակամարտային իրավիճակներում հայտնված մարդիկ չանտեսվեն, ինչպես նաև հասանելիություն ունենան միջազգային օժանդակությանը՝ մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքներին համահունչ։
ՖՐԵՆԿ ՓԱԼՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ԱՄՆ պետդեարտամենտին կոչ է արել օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Կոնգրեսականը Թվիթերում գրել է, որ կապ է հաստատել Պետդեպարտամենտի հետ՝ վերահաստատելով ԱՄՆ կողմից Հայաստանի ժողովրդավարությանը աջակցելու և երկու երկրի մերձեցմանը նպաստելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-Ը ԵՎ ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ԶՈՐՔԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Աշխարհին հսկայածավալ բացասական հետևանքներ են սպասվում Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը կանխատեսել է, որ դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ներխուժումը և, որպես հետևանք, այն կփոխի աշխարհը: Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ավելի քան 8500 ամերիկացի զինվորականները կարող են տեղափոխվել մոտ ժամանակներս, հիշեցրել՝«Մոսկվան հազարավոր զորքեր, մարտական տեխնիկա է կուտակում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով»: Բայդենը միաժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։
ՋՈՆՍՈՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մեծ Բրիտանիան պատրաստ է զորք տրամադրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով Բրիտանիայի Համայնքների պալատում:
Ջոնսոնը պատրաստակամություն է հայտնել կրկին խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի ֆոնին և զգուշացրել է հետևանքների մասին։ Ջոնսոնը նաև զգուշացրել է Պուտինին, որ Ուկրաինայում դիմադրությունը «կատաղի» է լինելու, իսկ արյունահեղությունը համեմատելի կլինի Չեչնիայի կամ Բոսնիայի առաջին պատերազմի հետ, կամ ցանկացած այլ հակամարտության, որը Եվրոպան տեսել է 1945 թվականից ի վեր: Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ոչ ոք չի շահի նման աղետից։