Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։
Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, և ես գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական փոխանակումներն ու կապերը՝ ընդլայնվել և խորանալ։
Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։ Համոզված եմ, որ կարևոր հոբելյանին ընդառաջ՝ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ ու նոր բովանդակություն հաղորդել հայ-հնդկական համագործակցության համակողմանի և շարունակական զարգացմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում: