Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու մարզպետարանին հատկացված մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի միջոցներով իրականացվել են շենքերի վերելակների նորացման և նորոգման աշխատանքներ:
Մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, մարզպետարանի, համայնքապետարանի և շինաշխատանքները կատարող ընկերության պատասխանատու պաշտոնյաների հետ հետևել է աշխատանքներին և տեղում քննարկել ընթացիկ խնդիրները:
Ծրագրով նախատեսված էր վերելակների նորոգումն ավարտին հասցնել փետրվար ամսին, սակայն աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ և շահագործման կհանձնվեն մոտ օրերս։ Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում վերանորոգվել են Ռուսթավի 8, Երևանյան խճուղի 147/2, Տիգրան Մեծի 44, Նարեկացի 3Ա շենքերի վերելակները, որոնց նորոգման համար հատկացվել է 12 միլիոն դրամ։
Մարզի ղեկավարը բնակիչներին վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է լինելու․ «Սա մեր պարտականությունն է, և անելու ենք հնարավորը ոչ միայն Վանաձոր համայնքի շենքերի վերելակների նորոգման համար, այլև ամբողջ մարզի»։ Ա. Խաչատրյանը պատասխանատու անձանց հանձնարարել է անմիջական ուշադրության տակ պահել մարզում իրականացվող ծրագրի ընթացքը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Հատկացված միջոցներով մարզում նորոգվել են դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն: