Իտալիայի կառավարությունը խնդրել է երկրի խոշորագույն ընկերությունների ղեկավարներին՝ հրաժարվել հունվարի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսին մասնակցելուց՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է Իտալիայի կառավարության աղբյուրը։
Իտալիայի կառավարությունում La Repubblica-ի աղբյուրները նշել են, որ ձեռնարկատերերին կոչ է արվել ամբողջությամբ չեղարկել տեսակոնֆերանսը կամ գոնե չեղարկել դրան այն ընկերությունների ղեկավարների մասնակցությունը, որոնց բաժնետերերի թվում է իտալական պետությունը։ Արդյունքում, ըստ թերթի, Eni և Snam ընկերությունների ղեկավարները հրաժարվել են մասնակցել տեսակոնֆերանսին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը իտալացի գործարարների հետ կապ չունի Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նա հիշեցրել է, որ Պուտինի համար ավանդական են հանդիպումները իտալացի, ֆրանսիացի, գերմանացի և ամերիկացի գործարարների հետ։ Իսկ եթե հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, բարձրացվի Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հարցը, ըստ Պեսկովի՝ «երկրի նախագահը պատրաստ է տալ լիարժեք բացատրություն»: