Համաճարակային իրավիճակը զսպելու համար է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում խստացված ստուգայցերը: Տեսուչներն այսօր Արաբկիրում մի շարք հանրային վայրերի թվում ստուգեցին նաև մարզասրահ. խախտումներ չարձանագրեցին: Նոր որոշմամբ՝ այցելուների համար կարևոր պահանջ է QR կոդերի առկայությունը:
Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ) - Այն մտավախությունը, որ կար 22-ից հետո, գուցե տնտեսվարողները չգտնեն էն հնարավոր տարբերակները, որպեսզի կարողանան հսկողություն իրականացնել: Ուզում եմ ասել, որ մենք հանդիպեցինք մի տնտեսվարողի, որտեղ շատ լավ ներդրված էր ճիշտ մեխանիզմ, որպեսզի բոլոր սահմանափակումների նկատմամբ հստակ լինի հսկողությունը:
Իսկ տնտեսվարողը մշտական հաճախորդներից նախապես պահանջել է էլեկտրոնային փոստին ուղարկել QR կոդերը: Տեսչականի մասնագետները նաև դրական միտում են տեսնում, նշում՝ եթե նախկինում հաճախորդները թեստի պատասխան էին ներկայացնում, ապա այսօր՝ հիմնականում պատվաստման հավաստագրեր:
Նարինե Տոնոյան (մարզասրահի աշխատակից) - Բոլոր հաճախորդներին, որ, օրինակ, QR-ը չի կարդացել կամ չեն ուղարկել, տեղում մեր ընդունարանի աշխատակիցներն իրենց հեռախոսով ընթերցում են QR կոդը, փաստաթուղթը ուղարկում են այդ մեյլին, դա նույնպես թարմացվում է ծրագրում: Մեր աշխատակիցների 99 տոկոսը պատվաստված է, պատվաստված չէ միայն 3-4 աշխատակից, որոնք հիվանդացել են և իրենց 3 ամսվա ժամկետը, որից հետո նրանք կարող են պատվաստվել, չի լրացել:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները տնտեսվարողներին հիշեցնում են՝ որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն, պետք է պատշաճ պահպանեն հակահամաճարակային սահմանված կանոնները: