2021-ի մայիսին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված զինծառայողներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դատական նիստն Ադրբեջանում կրկին հետաձգվել է: Ադրբեջանական զորամիավորումների կողմից Հայաստանի պետական սահմանը հատելու միջադեպի ընթացքում գերեվարված 6 զինծառայողից 4-ը հայրենադարձվել է, երկուսի դեմ Բաքվում քրեական գործ է հարուցվել:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Երկուսին վերագրվում է չորս հանցագործություն. որ նրանք մուտք են գործել ադրբեջանական տարածք՝ ականապատումներ իրականացնելու նպատակով: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք ՊՆ հատուկ ստորաբաժանումների զինծառայողներ են, նրանց վերագրվում է ապօրինի զենք կրելը, ահաբեկչություն իրականացնելը, Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելը:
Գործը քննում է ծանր հանցագործությունների դատարանը՝ երեք դատավորով: Երկու հայ զինծառայողի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին. այն հետաձգվել է, քանի որ եզրափակիչ ելույթի համար մեղադրող դատախազը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Հայաստանը մայիսին է դիմել Եվրադատարան՝ գերեվարված 6 զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս հայ զինծառայողների դեմ Ադրբեջանը սկսել է ապօրինի քրեական հետապնդում:
Սիրանուշ Սահակյան - Նրանք գտնվել են Հայաստանի սահմանում, Հայաստանի սահմանում իրականացրել են որոշակի առաջադրանք, ինչը իրավաչափ է զինծառայողի պարագայում, պարզապես ադրբեջանական կողմը սիրում է նոր, յուրովի գուներանգներ փոխանցել, այս անձանց միջազգայնորեն ներկայացնել որպես ահաբեկիչներ, մոտեցումներ ձևավորել, որ սադրող գործողությունները տեղի են ունենում հայկական կողմի ներգրավվածությամբ:
Մինչև այսօր գերությունից վերադարձել է 142 զինծառայող և քաղաքացիական անձ: Բաքուն այս պահին հաստատում է 46 անձի գերության փաստը: Չնայած հայկական կողմի՝ ևս 80-ի վերաբերյալ հիմնավոր ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է հերքել նրանց գերության փաստերը: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Եվրադատարան են ներկայացված բռնի անհետացման դեպքերով գործեր: ՄԻԵԴ-ում են նաև սահմանային միջադեպերի հետևանքով սպանությունների, բռնությունների, քաղաքացիներին պատճառված գույքային վնասների վերաբերյալ գանգատները:
Սիրանուշ Սահակյան - Խաղաղապահ առաքելության գոյության պայմաններում ադրբեջանցիները հանդգնում են դիպուկահարի կողմից ուժի գործադրմամբ սպանել քաղաքացիներին: Ակնհայտ է, որ կյանքի պաշտպանության հարց կա: Կան առևանգման, խոշտանգումների դեպքեր, հիմա գանգատներ ենք ներկայացնում այս դեպքերի առնչությամբ:
Ադրբեջանն, ըստ Սահակյանի, միջազգային մի քանի հարթակում որոշել է սկսել իրավական գործընթաց Արցախում տնտեսական գործունեություն իրականացրած և շահույթ ստացած դեպքերի վերաբերյալ և ներկայացնել նյութական պահանջ: Իրավապաշտպանն Ադրբեջանի հաջողության՝ իրավակա՛ն շանսը բարձր չի գնահատում: