ԵԱՀԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
ԵԱՀԿ-ն միջազգային գործընկերների հետ աջակցում է Հայաստանում ոստիկանության բարեփոխումների նախագծին: Հայաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։ Երկամյա ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու Հայաստանի կառավարության արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա: Ծրագրի հիմնական առաջնահերթություններն են` իրավունքահենք հանրային ծառայությունների մատուցման ամրապնդումը, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումներին աջակցությունը և սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանումը:
ՌԴ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստի իր ելույթում: Ըստ ԱԳ նախարարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը: Լավրովն անդրադարձել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին ներկայացրած ռուսական կողմի առաջարկներին. «Մոսկվան թույլ չի տա, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկները քննարկվեն և արձագանքի բացակայության դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկի»՝ հայտարարել է արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակնկալում է այս շաբաթ պատասխան ստանալ ներկայացված նախագծերի վերաբերյալ: Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան խստորեն կճնշի իրեն որպես Ուկրաինայի հակամարտության կողմ ներկայացնելու փորձերը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Կիևին մղում է ուղիղ սադրանքների Ռուսաստանի դեմ:
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻ ԿԱՐԾԻՔԸ ՆԵՐԱՌԵԼ Է ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ-ը ոչ միայն Ուկրաինային տեղեկացրել է, թե ինչ է լինելու անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթում, այլև ծանոթացրել է փաստաթղթի նախնական տարբերակին, ինչպես նաև հարցրել է Կիևի կարծիքն ու այն ներառել փաստաթղթում։ Այնպես որ ՆԱՏՕ-ի, մեր եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի համար անակնկալներ չեն լինի»,- այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Պատասխանելով հարցին, թե «Ռուսաստանի համար անակնկալներ» կլինե՞ն, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն առաջարկել է հետևել Մոսկվայի արձագանքին։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ԱՄՆ-ը «հասկացրել է», թե ինչ է մտածում Ռուսաստանի առաջարկների մասին, ներառյալ այն կետերը, որոնք համարում է անընդունելի:
ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է. ՌԱՅԻՍԻ
«Եթե Արևմուտքը պատրաստ է չեղարկել Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցները, ցանկացած համաձայնություն հնարավոր է»՝ հայտարարել է Իրանի նախագահը: Ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում՝ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ արտասահմանյան այցերի և տարբեր երկրների պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքը պետք է լինի երկրի շահերի ապահովումը և զարգացումը բոլոր ոլորտներում, իսկ առանց ձեռքբերումների ժպտալը ժողովրդի համար որևէ օգուտ չունի: Նշելով, որ իր կառավարության աշխատանքի հիմքն աշխարհի երկրների հետ փոխգործակցությունն է, Ռայիսին հավելել է. «Մենք կհամագործակցենք բոլոր այն երկրների հետ, որ կցանկանան շփվել մեր հետ: Միևնույն ժամանակ, կհակազդենք բոլոր այն երկրներին, որոնք կցանկանան դիմակայել մեզ»:
Ռայիսին հավելել է, որ Իրանի կառավարությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարակշռության հաստատման կողմնակից է և Իրանը կարող է առևտրատնտեսական լուրջ ներուժ ստեղծել 15 հարևան երկրների հետ գործակցության արդունքում:
Անդրադառնալով Մոսկվա կատարած իր վերջին այցին, Ռայիսին նշել է, որ երկու երկրների միջև արտահանման տուրքերի չեղարկումը դրական կանդրադառնա տարբեր ապրանքների գների վրա և կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին: