ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր լարված է անցել:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուն՝ Ռուբեն Հակոբյանը, իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է նախորդ քննարկումներում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների գնահատականներին: Հանձնաժողովի նախագահը ընդհատել է Հակոբյանի ելույթը և նիստը ընդմիջվել է սկսված բանավեճի և փոխադարձ վիրավորանքների պատճառով:
«Նարեկ Բաբայանն ասում է՝ ձեզ չեմ հարգում: 1998 թվականից քաղաքականության մեջ եմ, լավ եք անում, ես ուրախ եմ, որ չեք հարգում։ Ոչ ավել, ոչ պակաս՝ վիրավորանք է հասցնում. ընդդիմադիր դաշտում ռումբ եք եղել պետության համար։ Ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլև քաղաքականության մեջ ռումբ են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն, կարողանում են խցկվել ԱԺ որպես կնոջ օժիտ»,- ասաց Հակոբյանը։
«Պարոն Հակոբյան, ես Ձեզ ուղղակի խորհուրդ եմ տալիս՝ դադարեցրեք Ձեր ելույթը, հավատացեք, Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի»,- նշեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Գաբիրելյանը հորդորեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ հանդարտեցնել Հակոբյանին, ապա խորհուրդ տվեց Հակոբյանին՝ նիստին ներկայանալ առանց ալկոհոլ օգտագործելու:
«Պարո՛ն Հակոբյան, Ձեզ խորհուրդ կտամ ալկոհոլ չօգտագործել, նոր գալ նիստին: Պարո՛ն Մինասյան, սա բացառապես «Հայաստան» դաշինքի մակարդակն է ցույց տալիս: Ձեր թեկնածուն է, եկեք արձանագրենք վիրավորանքների տարափ, և ժողովուրդը ևս մեկ անգամ տեսնում է, թե ինչ մակարդակի թեկնածուներ եք դուք բերում: Որևէ բարոյական նորմի չի տիրապետում, ալկոհոլ օգտագործած եկել է նիստի և փորձում է խոսել»,- ասաց Գաբրիելյանը:
Հակոբյանը, ի դեպ, վեճից հետո ինքնաբացարկ է հայտնել:
Մանրամասները՝ տեսանյութում: