Պետեկամուտների կոմիտեն կանխել է՝ աննախադեպ մեծ քանակի․․․ 1 328 հատ բջջային հեռախոսի մաքսանենգ ներմուծում։ Այս դեպքում՝ բացահայտված խոշոր խմբաքանակի հետ կարևոր է այն, որ փորձ է արվել սարքերը երկիր մտցնել համեմատաբար մեղմ ստուգումներ ենթադրող ԵԱՏՄ անդամ պետությունից։ Նախապես տվյալներ ունենալով, որ ապրանքը, փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Ռուսաստանից ինքնաթիռով ուղարկվել է Հայաստան, ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ծանրոցները դիմավորել են Զվարթնոցի Կարգո բեռնային համալիրում։
Հեռախոսների շարքում, ի դեպ, եղել են բավական թանկարժեք նմուշներ, այնպիսի մակնիշներ, որ հայաստնայան շուկայում վաճառվում են 600 հազարից մինչև 1,2 մլն դրամով։ Բջջայինների հետ ծանրոցներում եղել են նաև մեծ քանակությամբ պլանշետներ, հեռախոսի աքսեսուարներ ու էլեկտրոնային ծխախոտներ։ Սկզբնաղբյուր ո՞ր երկրից է բեռը դեպի Հայաստան ուղղություն վերցրել՝ հետաքննությունը դեռ կպարզի։ Մի բան է հայտնի․ մաքսանենգ բեռի բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները, որպեսզի, ենթադրաբար, այդ ծանրոցները քիչ զննվեն։ Որևէ մեկը չփորձի աջակցել մաքսանենգ գործարքներին՝ զգուշացնում են ՊԵԿ-ից․․․
Վարազդատ Հայրապետյան (ՀՀ ՊԵԿ ՀՕՀՎ ոլորտային 9-րդ (ԵԱՏՄ) բաժնի պետ) - Փոստային ծառայություն մատուցող ընկերություններին հորդորում է չկազմակերպել-չօժանդակել ԵԱՏՄ կամ այլ երկրների տարածքից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներին:
Եթե հաջողվեր հեռախոսներն առանց մաքսազերծելու երկիր մտցնել, պետությունն առանձնապես խոշոր չափի վնաս կկրեր։ Հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչն օրերս որոշում է կայացրել առգրավել շուկայական արժեքով մոտ 600 հազար դոլար գնահատվող ամբողջ բեռը։