Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ԱՄՆ պետդեարտամենտին կոչ է արել օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Կոնգրեսականը Թվիթերում գրել է, որ կապ է հաստատել Պետդեպարտամենտի հետ՝ վերահաստատելով ԱՄՆ կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու և երկու երկրի մերձեցմանը նպաստելու անհրաժեշտությունը:
*****
Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստի իր ելույթում: Ըստ ԱԳ նախարարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը: Լավրովն անդրադարձել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին ներկայացրած ռուսական կողմի առաջարկներին. «Մոսկվան թույլ չի տա, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկները քննարկեն և արձագանքի բացակայության դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկի»՝ հայտարարել է արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակնկալում է այս շաբաթ պատասխան ստանալ ներկայացված նախագծերի վերաբերյալ: Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան խստորեն կճնշի իրեն՝ որպես Ուկրաինայի հակամարտության կողմ ներկայացնելու փորձերը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը Կիևին մղում է ուղիղ սադրանքների Ռուսաստանի դեմ:
*****
ԱՄՆ-ը ոչ միայն Ուկրաինային տեղեկացրել է, թե ինչ է լինելու անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթում, այլև ծանոթացրել է փաստաթղթի նախնական տարբերակին, ինչպես նաև հարցրել է Կիևի կարծիքն ու այն ներառել փաստաթղթում։ «Այնպես որ ՆԱՏՕ-ի, մեր եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի համար անակնկալներ չեն լինի»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Պատասխանելով հարցին, թե «Ռուսաստանի համար անակնկալներ» կլինե՞ն, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն առաջարկել է հետևել Մոսկվայի արձագանքին։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ԱՄՆ-ը «հասկացրել է», թե ինչ է մտածում Ռուսաստանի առաջարկների մասին՝ ներառյալ այն կետերը, որոնք համարում է անընդունելի:
*****
Վաշինգտոնը տեսնում է բոլոր նախանշանները, որ Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ կարող է ուժ կիրառել մինչև փետրվարի կեսերը՝ հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարը: Ուենդի Շերմանը, սակայն, որևէ հստակ ապացույց կամ փաստ չի մատնանաշել: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը զորք է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին: Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը նույնպես առանց ապացույցներ ներկայացնելու հայտարարել էր, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է սկսվել «հունվարի կեսերից մինչև փետրվարի կես»։
*****
ԱՄՆ հակատանկային Ջեյվըլին համակարգերը հասել են Կիև: Ուկրաինայի սահմանի լարվածության հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ Կիևին ԱՄՆ անվտանգության արդեն երրորդ փաթեթն է հասնում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր Ուկրաինա 200 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության փաթեթներ ուղարկելու պատրաստակամությունը: Ուկրաինայի պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնին: Պենտագոնն էլ հայտարարել է, որ ավելի քան 8500 ամերիկացի զինվորական «բարձր պատրաստվածության» է բերվել:
*****
Ռուսաստանի և Սևծովյան նավատորմի ավելի քան 20 նավ զորավարժությունների համար մտել է Սև ծով՝ հայտարարել է Դաշնության պաշտպանության նախարարությունը: Վարժանքներում ներգրավված են ֆրեգատներ, պարեկային նավեր, փոքր հրթիռային նավեր և հրթիռային նավակներ, դեսանտային նավեր, փոքր հակասուզանավային նավեր և ականակիրներ։ Ռուսաստանի նավատորմը զորավարժություն է անցկացնում նաև Արկտիկայում: