Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Վարչապետ Փաշինյանի նամակում մասնավորապես նշվում է.
«Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»:
Ն. Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022 թ. համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։
Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան: