Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է: 2017-ին ստեղծված կառույցն ամփոփել է կատարած աշխատանքները, ներկայացրել ապագայի տեսլականը: Հիմնադրամն այսօր հատուցում է 4689 դեպքով. 44-օրյա պատերազմից առաջ այդ թիվը 417 էր և ներառում էր 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերը:
Տաթևիկ Յաղջյան (ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար) - Կան գործեր, որոնք դեռևս հիմնադրամ չեն եկել՝ կապված զինծառայողների անհայտ բացակայող ճանաչելու գործընթացի հետ, բայց, մեծ մասամբ, գործերը հատուցվում են, և կարևոր եմ համարում նշել, որ հիմնադրամ դիմելու ժամկետ չկա, այսինքն՝ երբ էլ ընտանիքը հոգեպես պատրաստ լինի դիմել հիմնադրամին գումար ստանալու համար, նրանք դա կարող են անել:
Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի և Արցախի զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ասում է՝ երբ նոր էին սկսում, հանրությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունում կառույցի գործունեությունը, հետո պատկերը փոխվեց, և 5 տարում արդեն 45 միլիարդ դրամ են հատկացրել:
Իրինա Սեյլանյան (ԶԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Մեր բոլոր աջակիցներին, մեր բոլոր նվիրատուներին շնորհակալություն եմ ուզում հայտնել և նաև բոլոր քաղաքացիներին Հայաստանում և Արցախում, որոնք պարտադիր վճարներ են իրականացնում մեր Զինծառայողների հիմնադրամի օգտին:
Ազգային համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով հիմնադրամը այսօր էլ շարունակում է գործունեությունը՝ կարևոր ուղերձով, որ որևէ զինվորի կյանքի կամ առողջության դիմաց փոխհատուցում կատարելու անհրաժեշտություն երբեք չառաջանա: Իսկ առայժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնադիրն արձանագրում է՝ «Ազգային հաջողված նախագիծ է»:
Վարուժան Ավետիքյան (ԶԱՀ հիմնադիր և նախկին տնօրեն) - Կամավորության շնորհիվ հնարավոր է եղել 4000-ից ավելի ընտանիքի ֆինանսապես օգնել, նրանց կողքին լինել, 45 մլրդ դրամից ավելի հատուցում տալ:
Հիմնադրամն ստեղծման օրվանից 64 միլիարդ դրամ է հավաքել: Ընդ որում՝ 11 միլիարդը՝ կամավորների կողմից, մնացածը` քաղաքացիների պարտադիր վճարների: