Ազգային ժողովում լսումներ են՝ հավաքված 130-ից ավելի տնօրեններ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ ու նախարարության ներկայացուցիչներ քննարկեցին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները: ԿԳՄՍ նախարարի տեղական Ժաննա Անդրեասյանը ելույթն սկսեց կրթարանների ներկայիս իրավիճակը մեկնաբանելով, ընդգծեց՝ մեղադրանքներ են հնչում, թե քննարկվող փոփոխությունները քանդում են դպրոցը: Իրական պատկերը ներկայացնելու համար կրթական ոլորտի պատասխանատուն վիճակագրություն ներկայացրեց: Ըստ փոխնախարարի, երեխաները 12 տարի լավ սովորելով իրենց կարողություններն օգտագործում են ընդամենը 57 տոկոսով. նման արդյունքի հնարավոր է հասնել նաև 9-ամյա կրթությամբ: Տարրական դասարանների ամեն 3-րդ երեխա չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Աշակերտների 8-11 տոկոսն այնքան ցածր միավորներ է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել: 2003-15 թվականներին աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը:
2019-ին բուհ դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի միասնական քննության նվազագույն շեմը՝ շարունակեց Անդրեասյանը: Փոխնախարարն անդրադարձավ նաև մանկավարժի մասնագիտության հանդեպ մարած հետաքրքրությանը: Նրա խոսքով՝ ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար այժմ 7 ուսանող է սովորում, քիմիայի պարագայում ավելի վատ պատկեր է: Այս պահին ուսուցչի թափուր հաստիքների թիվը հասնում է 700-ի: Դպրոցների մեծ մասը թերբեռնված են՝ մոտ 25 տոկոսը մեկ քառորդով, 50 տոկոսը՝ կիսով չափ:
Ժաննա Անդրեասյան - Համաձայնեք, որ այս դպրոցը հավելյալ քանդելու կարիք չի զգում:
Իսկ ի՞նչ են ենթադրում փոփոխությունները: Փոխնախարարի խոսքով՝ քննարկվող նախագծում 4 ուղղություն է առանձնացված. առաջինը բովանդակության փոփոխությունը, երկրորդն ուսուցիչներին խրախուսելու և մասնագիտացման զարգացմանն ուղղված քաղաքականության փոփոխությունն է, երրորդը ներառական կրթության համակարգի ու տրամաբանության, իսկ չորրորդը հանրակրթության համակարգի կառավարման փոփոխությունն է: Քննարկման մասնակիցները բարձրացրին ուսուցիչների ոչ համապատասխան վարձատրության հարցը:
Լիլիա Արեյան, Երևանի թիվ 181 դպրոցի տնօրեն - Այս փոփոխությունները տանում են նրան, որ մենք ծանրաբեռնում ենք ուսուցիչների պարտականությունները, նրանք կատարում են լրացուցիչ աշխատանք, բայց չեն վարձատրվում:
Ժաննա Անդրեասյան - Նախատեսում ենք, որ պետք է փոխվի նաև ուսուցչի դրույքաչափը, և այս դրույթը հստակ ամրագրվել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակում: Եթե այս պահին 108 800 դրամ նվազագույն դրույքաչափ է սահմանված, ապա առնվազն պետք է քննարկենք դրույքաչափը մինչև 200 000 դրամ դարձնելու հնարավորությունը: Այնուհետև ուսուցիչն անցնելով կամավոր ատեստավորում՝ կարող է այս դրույքաչափին ավելացնել մինչև 50 տոկոս հավելավճար, ապա նաև տարակարգի մեխանիզմով անցնել և կրկնապատկել աշխատավարձը:
Ներկաներին շատ էր հետաքրքրում, այսպես կոչված, 2 տնօրենի գաղափարը: Ըստ նախագծի՝ դպրոցի գործադիր մարմնում լինելու է տնօրեն, որը բացառապես զբաղվելու է կրթական ու բովանդակային գործով և վարչատնտեսական հարցերի պատասխանատու՝ գույքային պատասխանատվություն կրելու և գնումների գործընթացով զբաղվելու համար:
Ժաննա Անդրեասյան - Դպրոցում ամենակարևորը բովանդակությունն է, և ամենակարևոր անձը տնօրենն է, որը պատասխանատու է բովանդակության համար: Պետությունն ասում է՝ տնօրեն, ուսուցիչներ, ձեզ չպետք է հետաքրքրի դպրոցի գույքային հագեցվածության խնդիրը, դա մեր պարտավորությունն է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր բնակավայրում գնա անվտանգ, գույքով բավարարված դպրոց: Դուք այդ պայմաններում զբաղվեք երեխաների կրթության կազմակերպմամբ:
Ուսուցչի գործը այլևս պատվաբեր չէ՝ ելույթների ժամանակ հայտարարեց Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրենը: Նշեց, ռեֆորմներն անհրաժեշտ են, բայց պետք չէ դրանք սկսել երկրորդ կամ երրորդ կետից: Տնօրենի կարծիքով՝ պետք է մեխանիզմներ մշակել դիմորդներ ներգրավելու համար: Դեմ է նախագծով սահմանված տնօրեն ընտրելու համար մանկավարժի կրթության պարտադիր պահանջին:
Անուշ Ասլանյան, Երևանի Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն - Դպրոցի տնօրեն պետք է լինեն ոչ միայն այն մարդիկ, որոնք միայն մանկավարժի որակավորում ունեն, այլ նաև պայծառ երիտասարդներ կան, որոնք կառավարման ոլորտում փորձ ունեն, և նրանց առաջ պետք չէ այդ դուռը փակել:
Եզրափակիչ խոսքում փոխնախարարը նախագիծն ամբողջ հանրակրթության համակարգի փոփոխության փաստաթուղթ է որակում: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Մինչև երկրորդ ընթերցում կազմակերպված խորհրդարանական լսումից հետո քննարկում կկազմակերպեն, կուսումնասիրեն բոլոր դիտարկումները, կորոշեն, որ կետում ինչ փոխել՝ հավաստիացրեց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: