ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնը լքելու որոշման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է հրապարակումից մոտ 3,5 ժամ առաջ: Սարգսյանը այդ որոշումը փաստացի չի քննարկել Փաշինյանի հետ:
Պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին՝ հայտարարել է երկրի ղեկավարը, միաժամանակ ընդգծել՝ նախագահի լիազորությունների մասով Արմեն Սարգսյանի ընտրվելուց ի վեր որևէ փոփոխություն չի եղել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Արմեն Սարգսյանը պաշտոնը լքելու որոշման մասին հայտարարել էր կիրակի երեկոյան: Սարգսյանը, որպես պատճառ, նշել էր՝ մեջբերում, «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:
Անդրադառնալով նոր նախագահի սպասվող ընտրություններին՝ վարչապետը նշել է՝ անհրաժեշտ է ապահովել Կառավարության, Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտների ներդաշնակությունը:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Ասուլիսի զգալի մասը վերաբերել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Կառավարության կողմից հռչակված խաղաղության դարաշրջանին: Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը պետք է ձևավորել օր առաջ: Փաշինյանը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանին փոխանցված առաջարկների վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: Դա պետք է տեղի ունենա բանակցությունների արդյունքում, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին՝ հայտարարել է վարչապետը:
ՄԵԾ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀՀ-Ն ԿԸՆԴՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՐԱՎԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է՝ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի թուրքական Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը: Սակայն շատ բան կախված է լինելու այդ պահին առկա իրավիճակից: Ընդհանուր առմամբ, վարչապետը դրական է գնահատել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մեկնարկը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ
Տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկումը բխում է Հայաստանի պետական շահերից: Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը Հայաստանին նույնպես լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կտա, ասուլիսին ընդգծել է Փաշինյանը: Հայաստան-Իրան ուղիղ երկաթգծի կառուցումը պահանջելու է զգալի ֆինանսական և ժամանակային միջոցներ: Իսկ ազդարարված Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հայկական մասի վերակառուցումը շատ ավելի մատչելի է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ առաքելությանը և Ղազախստան զորակազմ ուղարկելու որոշմանը: Փաշինյանը բացառել է, որ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել ներքաղաքական գործընթացներին: Հայաստանը սովորել է հաղթահարել ներքին բարդությունները ինքնուրույն: Որպես օրինակ Փաշինյանը բերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձությունները, երբ հարձակման էին ենթարկվել խորհրդարանի ու կառավարության շենքերը, իսկ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ մահափորձ էր կատարվել:
Հայաստանի բուհերը պետք է ապաքաղաքական լինեն: Նախկինում արած այս հայտարարությունը արդիական է նաև հիմա, և իշխող կուսակցության որոշ անդամների՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելու հանգամանքը միտված է զերծ պահել համալսարանները քաղաքականությունից՝ այսպես վարչապետը մեկնաբանեց քպ-ականների մուտքը բուհերի կառավարման խորհուրդներ:
Նույն սկզբունքն է գործում նաև դիվանագիտական կորպուսի պարագայում, նշեց Նիկոլ Փաշինյանը, որը մինչ իշխանության գալը քննադատել էր ոչ դիվանագետներին դեսպան նշանակելու պրակտիկան: Ըստ Փաշինյանի՝ դիվանագիտական կորպուսը հեղափոխությունից հետո ստացել է իր շանսը:
Փաշինյանը հրաժարվել է զինված ուժերի զարգացման ռազմավարությունը մեկնաբանելուց, սակայն միաժամանակ նշել է՝ Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ: