Ստեփանակերտի «Անտոնիա Արսլյան» հայ-իտալական կրթահամալիրն է: Գործնական պարապմունքին խոհարարական գործ խմբի ուսանողները միանգամից 5 ուտեստ են պատրաստում:
Ալյոնա Սարգսյան (արտադրության վարպետ, խոհարար) - Մեր բնամթերքները՝ լոկալ բնամթերքները, թույլ են տալիս ստեղծել նոր, պրակտիկ խոհանոց, որը կարող է, ինչու չէ, նաև աշխարհում իր տեղն ունենալ: Ուսուցանում ենք հայկական ու եվրոպական:
Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից տեղահանված Մարատ Գրիգորյանը համոզված է՝ կարճ ժամանակ անց մասնագիտությամբ աշխատանք կունենա: Ուզում է հրուշակագործ դառնալ:
Մարատ Գրիգորյան (խոհարարական խմբի ուսանող) - Գնալու եմ մի տեղ աշխատեմ, պարապ չեմ նստի տանը: Սիրում եմ այս մասնագիտությունը, ուզում եմ սովորել խոհարարությունը:
Մանկապարտեզից և հիմնական դպրոցից բացի, կրթահամալիրում նախնական մասնագիտական արհեստագործական 6 բաժին է գործում: Արհեստի որակավորման փուլը տևում է 3 տարի: Շրջանավարտներն ավագ դպրոցի ատեստատ և արհեստավորի որակավորում կստանան:
Տաթև Զախարյան («Անտոնիա Արսլյան» հայ-իտալական կրթահամալիրի գլխավոր տնօրեն) - Ավտոտրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, խոհարարական գործ, հրուշակագործություն՝ սրանք մի ուղղություն են, սակայն, ըստ կուրսերի, տարբեր որակավորումներ են ստանում, կարի արտադրության տեխնոլոգիա և փայտագործություն:
Սկզբից տարբեր կարատեսակներ, հետո արդեն ավելի լուրջ առաջադրանքներ: Հայ-իտալական կրթահամալիրում մասնագիտական կրթության հնարավորություն նաև ավագներն ունեն: Լուսինեն տնտեսագետ է, բայց նորաձևության նկատմամբ սերը դեպի դիզայներական գործ է տանում:
Լուսինե Պետրոսյան (կարի արտադրության տեխնոլոգիա խմբի ուսանող) - Ակնկալիքներս շատ մեծ են, և, կարծում եմ՝ կկարողանամ հասնել նրան, որ կյանքի կկոչեմ իմ երևակայությունը:
Լուսինե Միրզաջանյան (կարի արտադրության վարպետ) - Իտալացի վարպետների հետ փորձում ենք պատրաստել լավ մասնագետներ՝ մեր ապագայի համար: Նրա համար, որ հստակ ասենք՝ ամենալավ որակը մե՛զ մոտ է:
Գործնական պարապմունքներով կրթահամալիրը փորձում է ապահովել սեփական պահանջարկը՝ փայտագործները կահույք են պատրաստում կրթահամալիրի համար: 17-ամյա Արսենը դասերից հետո արդեն աշխատում է մասնագիտությամբ:
Արսեն Գրիգորյան (փայտագործության բաժնի ուսանող) - Պատրաստում եմ մահճակալներ, պատրաստում եմ բազմոցներ, մեկ-մեկ պատրաստում եմ կահույք միջանցքի համար, հյուրասրահի համար:
Հայ-իտալական կրթահամալիրը հիմնադրել են Արցախի կառավարությունն ու «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամը: Մասնագետների փորձի փոխանակման և նյութատեխնիկական ապահովման հարցերը հոգում են Իտալիայի գործընկերները:
Տաթև Զախարյան («Անտոնիա Արսլյան» հայ-իտալական կրթահամալիրի գլխավոր տնօրեն) - Կանոնադրորեն մենք հնարավորություն ունենք նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսում տալու, բայց այս պահին 3 օղակի կրթական ծրագրեր ենք իրականացնում: Այսպիսի կոմպլեքս, հավաքական, տարաբնույթ օղակների կրթական հաստատություն Արցախում դեռ չկա:
Հայ-իտալական կրթահամալիրը բացվել է 2021-ի հունիսին՝ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի հիմքի վրա: Հիմնադիրները նպատակ ունեն առաջիկայում բարելավել շենքային պայմանները:
Հեղինակ՝ Նարեկ Սահակյան