Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում։
Այցի շրջանակներում առաջին հանդիպումը Բելառուսի հայ համայնքի երիտասարդության ներկայացուցիչների հետ էր։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և ընթացիկ ծրագրերը։
Առարկայորեն քննարկվել են տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։
Հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է հայ համայնքի կամրջող դերը ինչպես հայ և բելառուս բարեկամ ժողովուրդների միջև հումանիտար շփումների ընդլայնման, այնպես էլ Հայաստան-սփյուռք սերտ փոխգործակցության շարունակական ապահովման տեսանկյունից։
Հանդիպմանը ներկա է եղել Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը: