Ոչինչ չթափելու սկզբունքով հայր և որդի Գևորգյանները տարիներ առաջ որոշեցին չրագործությամբ զբաղվել: Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ տեսան, թե ինչպես են համագյուղացիները տարվա չվաճառված խնձորը թափում աղբանոցում:
Վերամշակման համար ոչ միայն Աղձքից, այլև Արմավիրից են միրգ ու բանջարեղեն մթերում: Պահանջված է նույնիսկ ոչ ապրանքային տեսք ունեցող մրգի չիրը՝ ասում են Գևորգյանները: Պարզվում է՝ նույնիսկ մանդարինի ու նարնջի չորացրած կեղևը պահանջարկ ունի:
Տիգրան Գևորգյան (չրագործական ընկերության համահիմնադիր) - Մենակ մանդարինինը չէ, ցիտրուսը ընդհանրապես: Սրանից արտադրվում է ցեդրա: Սա ցեդրա է արդեն, որ մանրացնում են, օգտագործում են թեյերի մեջ, օգտագործում են խմորեղենի մեջ:
Ունեցել են պատվիրատու, որը միայն մեծաքանակ կեռասի ու բալի կորիզ է պատվիրել՝ ասում է Տիգրանը: Անցած տարի մինչև անգամ 200 տոննա ծիրանի չիր են պատվիրել: Եղած ռեսուրսներով նման պատվերն անհնար էր կատարել: Չորանոցը սարքավորումներով վերազինելու համար դիմեցին էկոնոմիկայի նախարարություն: Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության երկրորդ ծրագրով դրամաշնորհ շահեցին՝ պայմանով, որ նույնքան էլ իրենք են ներդնելու:
Տիգրան Գևորգյան - Սա մեր գազով չորանոցներն են, մեկ հատ ունեինք անցած տարի, ու էդ իրականում մեծ խնդիր էր: Չորանոցները ևս երկու հատ ձեռք բերեցինք ու էս տարի մենք մոտ 30-50 տոննա կկարողանանք տալ:
17 միլիոն պետությունից, նույնքան էլ իրենց գրպանից ներդնելով գնեցին ոչ միայն չորանոցներ, այլև վակուումային փաթեթավորման ու շոկոլադապատող սարքեր: Այս տարի կարտադրեն նաև ջնարակապատ չրեր: Բարեհաջող փորձարկել են լոլիկի չիրը բուսական յուղում տարբերակը:
Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության երկրորդ ծրագիրը մոտենում է ավարտին, և կաթի, մսի, բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող 48 ընկերության արդեն տրամադրվել է 8-ից մինչև 50 հազար դոլար դրամաշնորհ՝ պայմանով, եթե նույնքան էլ արտադրողը ներդնի:
Դավիթ Մեժլումյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության երկրորդ ծրագրի ղեկավար) - 2021 թվականի ընթացքում մեր շահառուներին տրամադրվել է շուրջ 700 միլիոն դրամ դրամաշնորհային գումար: Իսկ մինչև ծրագրի ավարտը՝ 2022-ի ապրիլ, կտրամադրվի ևս 50 միլիոն դրամ:
Եվս 225 միլիոն տրամադրվել էր 2020-ին: Ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2015-ից ու արդեն 51 ընկերության 1 միլիարդ 51 միլիոն դրամաշնորհ է տրամադրվել:
Դավիթ Մեժլումյան - Ընդհանուր 2 միլիարդ դրամաշնորհային գումար է ծախսվելու մինչև ծրագրի ավարտը:
Ծրագրի ղեկավարը բացառում է գումարների փոշիացումը: Ամեն ինչ արվել է փոխանցումով: Բացի այդ, մինչև վերամշակողը չէր ներկայացնում անհրաժեշտ սարքավորումն ու իր մասնաբաժինը, գումարը չէին տրամադրում: