«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին:
«Ամեն անգամ խնդիրների մասին խոսակցությունն իրենց գործն անող մարդկանց թողնում է երկակի զգացողություններով, գուցե՝ նեղսրտությամբ, բայց այսօր չունենք այլընտրանք, քան խոսել մեր դպրոցի խնդիրներից: Ուստի ներողություն, եթե խոսքս կհնչի կտրուկ, տեղ-տեղ՝ ցավեցնող, տեղ-տեղ վրդովմունք կառաջացնի, բայց այս հարթակը և այս թեման կոմպրոմիս չեն ենթադրում:
Եկեք խոսենք բաց: Մեզ հաճախ մեղադրում են, որ փորձում ենք փոխել դպրոցը կամ, չխուսափեմ հնչող մեղադրանքը կանխավ բարձրաձայնելուց, քանդում ենք դպրոցը: Ո՞ր դպրոցի մասին է խոսքը: Մեր երեխաներն այսօր, աբողջությամբ անցնելով 12-ամյա կրթությամբ, եթե լավ սովորեն, ապա իրենց կարողությունները կկարողանան իրականացնել 57 տոկոսով կամ կեսից մի փոքր ավելի:
Ինչ-որ առումով դպրոցի ավարտին մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի մեր չիրացվածությամբ: Այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով՝ կարող էինք ստանալ շուրջ 9 տարում»,- ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ միջին դպրոցում մոտ 20 առարկա է դասավանդվում: Ըստ Անդրեասյանի՝ ամեն տարի նոր ջերմեռանդությամբ խոսվում է նոր առարկա ներդնելու մասին՝ մոռանալով, որ կարևորը առարկաները չեն, այլ երեխան:
«Նախորդ տարի շատ քննարկվեց այն հանգամանքը, որ 2015 թվականի բնագիտության և մաթեմատիկայի միջազգային հետազոտության մեր երկրի արդյունքով՝ տարրական դպրոցի ավարտին ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ, չնայած գրաճանաչ է: Ֆունկցիոնալ անգրագիտություն է սրա անունը, երբ կարծես գիտես տառերն ու թվերը, բայց դա անգիր գիտելիք է, կիրառության չտանող, մտածելու չդրդող, հմտություն ու կարողություն չդարձող»,- ասաց Անդրեասյանը: