Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտնի դառնալուց հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի շտապում քննարկել նախագահի թեկնածուի հարցը: Խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հիշեցնում է՝ հրաժարականն ընդունված է համարվում միայն այն ներկայացնելուց մեկ շաբաթ անց:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը, եթե մեր նշած տրամաբանությունը գործի, այսինքն՝ 7-օրյա ժամկետում դիմումը հետ չվերցվի, կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար ֆորմատը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Խորհրդարանական այս ճեպազրույցի ամենաքննարկվող թեման նաև Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալուց քիչ ժամանակ առաջ Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացի լինելու վերաբերյալ մամուլի հրապարակումն էր: «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Հովակիմյանը հայտնեց՝ խնդիրը դեռ դատական ատյանով հաստատման կարիք ունի:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մեր օրենսդրության համապատասխան՝ մամուլի հրապարակումները ուսումնասիրման հստակ կանոնակարգ ունեն իրավապահ մարմինների կողմից:
Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Հանրապետական պատգամավորին լրագրողները հիշեցրին՝ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել հենց Հանրապետական կուսակցության իշխանության օրոք:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ենթադրվում է, որ այն կառույցները, որոնք տեղեկատվություն են ներկայացնում այս կամ այն գործչի վերաբերյալ, ներկայացրել են տեղեկատվություն, որի հիման վրա տեղի է ունեցել առաջադրումը, և տեղի է ունեցել ընտրությունը:
Այն, որ հարցը պետք է ուսումնասիրվի իրավապահների կողմից, համակարծիք են նաև «Հայաստան» խմբակցությունում: Իսկ մինչև այդ, ներկայացնում են նախագահի նոր թեկնածուի չափանիշների վերաբերյալ իրենց սկզբունքները:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակից բխող լիազորությունները պետք է նկատի առնել, և նա ոչ թե միայն իշխանության և ընդդիմության թեկնածուն պետք է լինի, նա պետք է ապահովի համազգային ներուժի համախմբումը: Թեկնածուն չպետք է լինի կուսակցական, սա կարևորագույն սկզբունքն է:
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարել է հունվարի 23-ին: Մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չվերցնելու դեպքում այն կհամարվի ընդունված:
Նորայր Շողիկյան