«Սերվիս տիտան», «Պիկսարտ», «Կրիսպ»՝ այս ընկերությունների շնորհիվ՝ Հայաստանն անցած տարի և՛ Սիլիկոնյան հովտում, և՛ տեխնոլոգիաների միջազգային շուկայում վերջապես սկսեց ռեալ ընկալվել-ընդունվել որպես IT ունեցող երկիր։ Ճանաչումը շատ կարևոր է, դրանից է կախված նաև՝ ոլորտն ի՞նչ գումարի պատվերներ կկատարի, քանի՞ տոկոս աճ կգրանցի, ծրագրավորողներն այստեղ ի՞նչ փողեր կարող են վաստակել՝ 2021-ի արդյունքների մասին ասում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում։
Ալեքսանդր Եսայան (ԱՏՁՄ վարչության նախագահ) - Արդեն 1, 2, 3 մլն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան էդ ընկերություններում, ու դրանց քանակը Հայաստանում շատ ա։ Մի ընկերության մեջ աշխատող 50 մարդ կա, որ արդեն 1 մլն դոլարից ավելի մասնաբաժին ունի, հենց էսօր, հիմա Հայաստանում:
Ըստ Եսայանի՝ ոլորտի հենասյուները վերջին 2-3 տարում ձևավորվել են, հիմա պետք է դրանց վրա մասշտաբի էֆեկտով զարգացնել դաշտը։ Դրսի վենչուրային ֆոնդերից խոշոր ներդրումներ ներգրավելու մի քանի օրինակը ցույց տվեց, որ նորարար, լավ գաղափարի դեպքում ֆինանսների պակասը հաղթահարելի է։ Այնպես որ, գումարի խնդիրը ոլորտում հիմա մղվել է երկրորդ-երրորդ պլան՝ գնահատում է Րաֆֆի Քասսարջյանը։
Րաֆֆի Քասսարջյան (ԱՏՁՄ գործադիր տնօրեն) - Թիվ մեկ խնդիրը մասնակիցների պակասն է, այդ խնդիրն է շատ բարձրացվում:
Հենց դրա համար էլ միությունը մեծ, շատ մեծ նշանակություն է տալիս երեխաներին դեպի IT-ն կողմնորոշող «Արմաթ» լաբորատորիաների բացմանը։ Միայն անցած տարի 56 ինժեներական սենյակ են կահավորվել, դիջի-կոդ մրցույթ ու տեխնոճամբարներ անցկացրել։ Ծրագրերն այդ ուղղությամբ առաջիկայում էլ կշարունակվեն։
ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Առաջնահերթ նախագծերի շարքում իր տեղը կամրապնդի ռազմարդյունաբերական ուղղությունը՝ հայտարարում է Հայկ Չոբանյանը։ Այսուհետև նա է Քասսարջյանին փոխարինելու գործադիր տնօրենի պաշտոնում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը, ի դեպ, հաստատեց այժմյան նախարարի խոսքերը, ըստ որի՝ շուտով հայկական ԱԹՍ-ներ կունենանք։
Հայկ Չոբանյան (ԱՏՁՄ նորանշանակ գործադիր տնօրեն) - Այո՛, վերջին մեկ տարում էական փոփոխություն կա այս ոլորտներում, և տեմպերը պետք է աքսելերացիոն զարգացնել:
Կրթական բաղադրիչով՝ միությունն առաջիկայում անօդաչու սարքերի 9 աշխատանոց է բացելու։ Տարվա նորություններից է IT ստարտափների համար՝ ԲՏԱ նախարարության դրամաշնորհների հետ նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրումը։ Այս ոլորտում ժամանակն ամենաարագն է իր պահանջները թելադրում․ որտեղ և ում պետք է օգնելու համար՝ ԱՏՁՄ-ն մեկնարկել է ֆինանսական «Միավորված Հայաստան» շարժումը։