ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Ուկրաինայի արևելքում հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և լուծել տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով:
«Սկսե՛ք խոսել իրար հետ: Եթե մենք Եվրոպայում չխոսենք, այլ կրակենք, դա կլինի ամենավատը, որ կարող ենք անել մեր քաղաքացիների համար»,- նշել է նա: Պաշտոնյան նաև հավելել է, որ կանի հնարավորը՝ պաշտպանելու մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։
«Վերջին շրջանում դիվանագիտական ճակատում շատ նախաձեռնություններ եմ տեսել և ողջունում եմ այդ ջանքերը: Ճգնաժամի պատասխանը պետք է լինի դիվանագիտությունը»,- ընդգծել է Քոքսը:
ՆԱՏՕ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ. ՊԵՍԿՈՎ
Զորքերի ավելացման, ուժերն ու միջոցները դեպի արևելյան թև ուղարկելու մասին ՆԱՏՕ-ի հայտարարություններն ուժեղացնում են անվտանգության ոլորտում լարվածությունը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործողությունների և այն հայտարարությունների պատճառով, որ նրանք տարածում են»,- ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։
Պեսկովի խոսքով՝ ռուս զինվորականները չեն կարող անտեսել ՆԱՏՕ-ի ակտիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ։
Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստականության են բերում ուժերը և Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար հավելյալ նավեր ու կործանիչներ ուղարկում, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմական հզորությունն ավելացնել Ուկրաինայի շուրջ:
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Ստամբուլի դատարանը հեռուստալրագրող Սեդաֆ Քաբաշին ձերբակալելու որոշում է կայացրել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։
Ավելի վաղ Քաբաշը հարցազրույցի ընթացքում ասացվածք է մեջբերել․ «Եզը կարող է ճանապարհը գտնել դեպի պալատ, սակայն դա նրան թագավոր չի դարձնում, այլ պալատն է վերածվում գոմի»։ Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը, որի եթերում Քաբաշն արել է այդ արտահայտությունը, քննադատել է լրագրողի կալանավորումը։ «Նրա ձերբակալումը մի ասացվածքի պատճառով անընդունելի է։ Սա փորձ է՝ վախեցնել լրագրողներին, մեդիային ու հասարակությանը»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում։
Սեդեֆ Քաբաշին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով: Այն արգելում է վիրավորել երկրի նախագահին։
ԻՐԱՆՈՒՄ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի բացառել ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունները, եթե միջուկային հարցերով լավ համաձայնության հեռանկար հայտնվի։
«Վաշինգտոնը նշաններ է ցույց տալիս Թեհրանին, որ պատրաստ է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցություններին։ Այժմ մենք ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություն չենք վարում, սակայն եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք չենք անտեսի այդ հնարավորությունը», - ընդգծել է Աբդոլլահիանը։
Իրանական կողմը չի բացառում նաև ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման համաձայնության հասնելը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Այս թեման մնում է մեր օրակարգում։ Սակայն այն պետք է քննարկվի միջուկային գործարքից զատ»,- ընդգծել է նա։ Դիվանագետի խոսքով՝ եթե ամերիկյան կողմը ցանկություն ցուցաբերի, ապա երկու հարցերի շուրջ էլ հնարավոր է համաձայնության գալ սեղմ ժամկետում։
Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը չազատի ԱՄՆ չորս քաղաքացու։