Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված է: Ձևավորվել է խորհրդի կազմը և ներկայացվել Հայաստանի վարչապետի հաստատմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շնորհանդեսին տեղեկացրեց Արդարադատության նախարարը:
Կարեն Անդրեասյան, ՀՀ արդարադատության նախարար - Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներգրավված են երեք ճանաչված կազմակերպություններ, անկախ մարմիններ, առանց քաղաքական ուղղորդումների:
Եվրամիությունը ներկայացվող ծրագրի միջոցով ևս կաջակցի սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծում է Հայաստանում ԵՄ դեսպանը:
Անդրեա Վիկտորին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան - Այս ծրագիրը շատ ենք կարևորում: Նպատակն է բարձրացնել երկրի բարեկեցության և վստահության մակարդակը: Եվրամիությունն ու Հայաստանը միասնական են կառավարության իրականացրած բարեփոխումների հարցում: Աջակցում ենք նաև սահմանադրական բարեփոխումներին: Վերահաստատում ենք միասին աշխատելու կարողությունը:
Ծրագիրն իրականացվելու է մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների հիման վրա: Ծրագրով կհզորացվի օմբուդսմենի և միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակների կարողությունները:
Նաթիա Նացվլիշվիլի, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ - Աջակցում ենք ոստիկանության կրթական բարեփոխումներին և նոր ներքին գործերի նախարարության ստեղծմանը: Նպատակն է ավելի շատ կանանց տեսնել ոստիկանության համակարգում:
Ծրագրի դոնորներից են Լեհաստանն ու Նիդեռլանդները:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Յունիսեֆի և ԵԱՀԿ-ի կողմից:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան