Մի քանի հարյուր ուկրաինացի ձեռնարկատեր փորձել է ներխուժել Գերագույն ռադայի շենք, երբ ոստիկանները խոչընդոտել են նախագահի գրասենյակ նրանց մուտքը։ Ցուցարարների և ոստիկանության միջև ծեծկռտուք է սկսվել: Գործարարները երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա վերադարձել Գերագույն ռադայի շենք և շարունակել ակցիան։
Նրանք իշխանությունից պահանջել են չեղարկել նոր օրենքը, որով նախատեսվում է ՀԴՄ-ների պարտադիր կիրառում։ Մի շարք ցուցարարներ բերման են ենթարկվել, իրավապահները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Գործարարների բողոքի ակցիաները Կիևում սկսվել են 2020 թվականի նոյեմբերին։ Սկզբում ցուցարարները դեմ են եղել qովիդի սահմանափակումներին, այնուհետև պահանջել են մեղմացնել հարկային օրենսդրությունը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հրապարակել` կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լրատվամիջոցների մասին վերջերս ընդունված օրենքը վերադարձնել լրամշակման: Հանձնակատարը լուրջ մտահոգություն է հայտնել, որ նոր օրենքն ընդունվել է առանց ընդգրկուն խորհրդակցությունների։ Ըստ Միյատովիչի՝ այն չի համապատասխանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության միջազգային չափանիշներին: Պաշտոնյան նաև նշել է, որ օրենքը չափազանց շատ կարգավորումներ է մտցնում ԶԼՄ-ների ոլորտում, ինչը հակասում է ազատ, անկախ, գրաքննության չենթարկվող ԶԼՄ-ների և բազմակարծության սկզբունքներին։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը կօգնեն բացառելու սահմանային միջադեպերը՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա ընդգծել է, որ հարկավոր է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ ճանաչված սահմանների հաստատման հարցում։
«Դա նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, արխիվային նյութերի, տարբեր տարիների քարտեզների ստացում, այդ թվում՝ Ռուսաստանից, ինչպես նաև սահմանների հարցով փոխադարձաբար ընդունելի որոշման կայացում»,- ընդգծել է նա:
Բորդյուժան շեշտել է, որ ՌԴ-ն միջնորդական ջանքեր է ներդրել, առաջարկել է տրամադրել պատմական նյութեր, Պաշտպանության նախարարության արխիվից քարտեզներ, որպեսզի դրանք հիմք դառնան հայ-ադրբեջանական համատեղ աշխատանքային խմբի համար:
«Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է ՀԱՊԿ զորքեր մտցնելու և Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու հետ կապված որևէ հարց մշակել: Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կայունության երաշխիք է»,- հավելել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
Իրանը, Վանուատուն և Գվինեան վերականգնել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ կրճատելով կազմակերպությանն ունեցած պարտքը: Այդ մասին հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբիյակը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել էր ութ երկրի ցուցակ, որոնք զրկվել են ձայնի իրավունքից կազմակերպության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով:
Այդ երկրներից են նաև Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն և Պապուա Նոր Գվինեան: