Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը ցուցմունք տվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 13 տարի առաջ կատարված ավազակային հարձակման գործով: Սարգսյանը մեղադրվում է հանցագործությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Գործը քաղաքական ենթատեքստ ունի՝ խոսքն սկսեց Սարգսյանը, միջնորդեց ցուցմունք տալ առանց լրագրողների, դատարանը մերժեց: Լևոն Սարգսյանը փակագծեր բացեց՝ ոչ թե ծանոթ են եղել գործով տուժող Արմեն Ավետիսյանի հետ, ինչպես նա է ցուցմունքում պնդել, այլ նույնիսկ ընկերներ են եղել:
Լևոն Սարգսյան, ամբաստանյալ - Արմեն Ավետիսյանի հետ ծանոթացել ենք, երբ Շենգավիթում հարկայինում էր աշխատում, այդ ժամանակվանից ընկերություն ենք արել: Եթե հիմա հրաժարվել է այդ ամենից, իր խնդիրն է:
Ամբաստանյալ Սարգսյանը մտերիմ է եղել նաև այս գործով նախկինում դատապարտված Արա Կարապետյանի հետ: 2000-ականներին Կարապետյանը կոշիկի ներկրման բիզնեսով է զբաղվել, գումար չի ունեցել, դիմել է Լևոն Սարգսյանին, և քանի որ ինքն էլ այդքան փող չի ունեցել, դիմել է Արմեն Ավետիսյանին, որը 400 հազար դոլար է ներդրել բիզնեսի մեջ, սակայն հետագայում ըստ գործի՝ Կարապետյանի կողմից իրեն խաբված է զգացել և հանդիպումներից մեկի ժամանակ, երբ երեքով են եղել, սպառնացել է կտրել նրա ականջները: Լևոն Սարգսյանն էլ խոստացել է՝ այդ հարցը ինքը կլուծի, և իր տունը տվել է Ավետիսյանին:
Լևոն Սարգսյանն անդրադարձավ նաև Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմանը, ասաց՝ այդ մասին իմացել է Արա Կարապետյանի ձերբակալվելուց երկու օր առաջ, երբ նա իրեն զանգել և ասել է՝ վրացիները հափշտակած ապրանքները կարող են վերադարձնել, բայց որոշակի գումարի դիմաց:
Լևոն Սարգսյան - Չեմ հավատացել, բերել են, տեսել եմ՝ այդ ապրանքներն են, զանգել եմ իր ներկայությամբ Արմեն Ավետիսյանին, ասել եմ՝ 200 թե 300 հազար փող են ուզում: Ասաց՝ 10 անգամ ավելի կտամ, թող ասեն՝ ով է: Արային հարցրել եմ, ասել է՝ չէ, ասել եմ՝ ես այդպիսի բաների մեջ չեմ մտնում:
Երկու ամիս անց, սակայն, Սարգսյանին ասել են՝ 100 հազար դոլարի դիմաց կբերեն գողոնը: Համաձայնել է, ապրանքը բերել են, բայց գումարը չի տվել, և քանի որ Ավետիսյանն էլ գողոնը չի ուզել, վերադարձրել է: 2020 թվականին առերես հարցաքննության ժամանակ Արա Կարապետյանը հայտարարել էր՝ Լևոն Սարգսյանը հափշտակած իրերից ժամացույց և ոսկյա խաչեր է վերցրել, ինչը Սարգսյանն իր ցուցմունքում հերքեց:
Ըստ Լևոն Սարգսյանի ցուցմունքի՝ Արա Կարապետյանը նաև խնդրել է կազմակերպել իր Թուրքիա մեկնելը, սպառնացել է՝ հակառակ դեպքում Սարգսյանին կմեղադրի հանցագործությունը կազմակերպելու համար:
Հայաստան արտահանձնվելուց երկու օր հետո Լևոն Սարգսյանը տեղափոխվել է ՀՔԾ, առաջարկել են «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տալ, հրաժարվել է: Հետախուզումից հետո Լևոն Սարգսյանը Ռուսաստանից ապաստան էր հայցել:
Լևոն Սարգսյան - Չեմ ցանկացել հետ գալ, գիտեի, պիտի բերեն, «Մարտի 1»-ով տանջեն, ինչպես հիմա են տանջում:
Ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր՝ Ալրաղացի Լյովիկի թիկնազորը նույնպես, քննության վարկածով, մասնակցել է 2008 թ. մարտի 1-ի ցույցերը ճնշելուն։ Այդ գործով, սակայն, Լևոն Սարգսյանը որևէ կարգավիճակ չունի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան