Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն այսօր հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:
Հանդիպմանը Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ՀՀ վավերագիրը։
Համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԵԽ փոխգործակցությանը, ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և նոր Գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված աշխատանքների մեկնարկին։
Կողմերը վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։