Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի տեսանկյունից նախորդ 5 տարվա կտրվածքով հաջողության օրինակ կարելի է համարել: Գնահատականը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությանն է: 2021 թվականի զեկույցում ամփոփված են 180 երկրի տվյալներ: Այսպես, 131 պետությունում էական առաջխաղացում չի գրանցվել, 27-ը կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակի իրենց ամենացածր ցուցանիշն են գրանցել: Կառույցի փորձագետները նշում են՝ աշխարհում երկու տարի մոլեգնող կորոնավիրուսի ընթացքում կոռուպցիայի ընկալումը գործնականում մնացել է նույն մակարդակին: «Թրանսփարենսին» իր համաթիվը կազմում է երկրներին շնորհված 0-ից մինչև 100 միավոր միջակայքի:
Վարուժան Հոկտանյան («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար) - 0-ն՝ բացարձակ կոռումպացված, 100-ը՝ բացարձակ մաքուր, բնականաբար, աշխարհում չկան բացարձակ կոռումպացված և չկան բացարձակ մաքուր երկրներ:
Թե՛ 2020-ին, թե՛ նախորդ տարի Հայաստանի ցուցանիշը, «Թրանսփարենսիի» համաթվով, 49 է, ինչը համաշխարհային միջինից բարձր է: Ըստ զեկույցի՝ Հայաստանում ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, ինչը ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար:
Վարուժան Հոկտանյան -18-19 թվականներին ունեցանք լուրջ առաջընթաց: Այստեղ ես երկու բան եմ տեսնում, առաջինը, ինչպես ասացի՝ սա ընկալման հարց է, մարդկանց մոտ կային սպասելիքներ, այդ թվում՝ և՛ գործարարների, և՛ փորձագետների: Այսինքն՝ որոշակի, այսպես ասած, առաջ ընկնել կար, մարդիկ սպասում էին, որ լավ կլինի, և դրա համար էր համաթիվը բարձր էր: Հիմա արդեն այդ ժամանակահատվածը անցել է, և արդեն կոնկրետ փաստերով կսկսեն ընկալել մեր կոռուպցիայի իրավիճակը:
Այս պահին մեր երկիրը 58-61-րդ տեղերն է կիսում Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ, մեր հարևան երկրներից ավելի լավ դիրքում է միայն Վրաստանը, իսկ ցուցակի առաջատարները՝ կոռուպցիայի տեսանկյունից, այսպես կոչված, ամենամաքուր երկրները, Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան են:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան