Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում են մնացել շուրջ 2000 հուշարձան:
2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահռչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ:
Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ:
Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և աոավել շատ այցելվող հուշարձանները:
Հաշվետու ժամանակահատվածում գործել են 4 շրջանային ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:
Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Ոմանք արձանագիր, ոմանք էլ կարևոր տեղեկություններ պարունակող: