Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Հայաստանում զբոսաշրջության թվերը շարունակում են աճել: Էկոնոմիկայի նախարարությունը վերջնական ցուցանիշները կամփոփի այս ամսվա վերջին, սակայն նախարար Վահան Քերոբյանը զբոսաշրջային առումով նախորդ տարին հաջողված է համարում:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դեռ մենք շատ հետ ենք 2019-ի ռեկորդային ցուցանիշից, բայց վերջին մի քանի ամսվա թրենդն այնպիսին է, որ թույլ է տալիս հուսալ, որ վերականգնումը շատ չի ուշանա: 2020-ի նկատմամբ կտրուկ աճ ունենք անգամներով:
Նախարարն ընդգծում է՝ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: Կառույցում աշխատում են ոլորտին ռազմավարական զարգացման հեռանկար տալու ուղղությամբ:
Վահան Քերոբյան - Մեր աշխատանքներն ուղղված են, որպեսզի մենք ենթակառուցվածքները, սպասարկման որակը և մարքեթինգը, այսինքն՝ վաճառքները մեծացնենք:
Ոլորտի համակարգմամբ նախորդ շաբաթվանից զբաղվում է Զբոսաշրջության կոմիտեի նոր ղեկավար Սիսիան Պողոսյանը: Նա աշխատանքի է անցել սփյուռքահայ երիտասարդների «իԳործ» ծրագրով Կանադայից հայրենադարձվելուց հետո: Կառույցի նոր ղեկավարը կարևորում է Հայաստանի համար զբոսաշրջային նոր բրենդների մշակումը:
Սիսիան Պողոսյան (ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Մենք աշխատում ենք, որ Հայաստանը՝ որպես զբոսաշրջային կանգառ, լինի նոր, և հուսով ենք, որ երկու ամսվա մեջ կմշակվի և պատրաստ կլինի:
Հայաստանում սփյուռքի երիտասարդների ներուժի օգտագործումը նախարար Քերոբյանը կարևոր հաջողություն է համարում:
Վահան Քերոբյան - Այդ մարդկանց մասնակցությունը ոչ միայն մասնավոր հատվածում, այլև պետական հատվածում կբերի թե՛ մշակութային փոփոխության, թե՛ նաև արդյունքների առումով կլինի էական փոփոխություն: Եվ շատ լավ է, որ խառնվում են մշակույթները, և դա, ըստ էության, հարստացնում է մեր աշխատանքային միջավայրը, որի արդյունքում էլ ավելի լավ արդյունքներ և ավելի լավ ծրագրեր կստեղծվեն:
Ինչ վերաբերում է Հայաստանում զբոսաշրջիկներին առաջարկվող ծառայություններին, ոլորտի համակարգմամբ զբաղվող կոմիտեն որոշել է դրանք ներառել և հասանելի դարձնել մեկ հարթակում՝ վերազինելով Զբոսաշրջության կոմիտեի ինտերնետ կայքը:
Սիսիան Պողոսյան - Լինելու է կարևոր ինֆորմացիան թե՛ Հայաստանի մասին՝ ինչու պետք է գաք Հայաստան, ինչ կարող եք գտնել, տուրիզմի տարբեր տեսակների մասին, ամբողջ ինֆորմացիան լինելու, որ թե՛ տուրիզմը զարգացնենք, թե՛ ամբողջ ինֆորմացիան հանգիստ կարողանան մարդիկ գտնել կայքում:
Գերատեսչությունում աշխատում են նաև զբոսաշրջային ծառայությունների ազգային ստանդարտների մշակման ուղղությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան